Արտաքին քաղաքականություն

Փաշինյանը ՀՀ–ՌԴ հարաբերություններում տեղի ունեցող տրանսֆորմացիան գնահատում է շատ օգտակար ու կառուցողական

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ՀՀ–ՌԴ հարաբերություններում տեղի ունեցող տրանսֆորմացիան գնահատում է շատ օգտակար ու կառուցողական

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում տեղի ունեցող տրանսֆորմացիան շատ օգտակար ու կառուցողական է, դրանում դրականն անգամներով ավելի էական է, քան բացասականը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում: 

Նա նշեց՝ կան գործընկերներ, որոնք կարծում են, որ ՌԴ–ն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում: Հիմնավորումները հետևյալն են՝ ռուսական մի շարք հեռուստաալիքներ կամ առանձին խոսնակներ, բանախոսներ այդպիսի տրամաբանություն են զարգացնում: Սակայն Հայաստանի վարչապետն այդ տրամաբանությամբ չի դիտարկում ՀՀ–ՌԴ հարաբերությունները: 

«Եվ ես շատ բարձր եմ գնահատում դա: Եվ ես ասում եմ դա մեր բոլոր քննարկումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերներին: ՌԴ նախագահի հետ երկխոսությունը, որ մենք ունենք, շատ բարձր եմ գնահատում, շատ կարևոր է: Այդ գնահատանքի տրամաբանությամբ էլ մենք կշարունակենք առաջնորդվել: Եվ ես կարծում եմ, որ իսկապես տրանսֆորմացիան, որը տեղի է ունենում, շատ օգտակար ու կառուցողական է, որովհետև մենք քննարկում ենք բաց, ազնիվ, գործընկերային մթնոլորտում: Իմ կարծիքով՝ բազմաթիվ խնդիրների, որոնք, թվում էր, որ կարող է բարդություններ առաջացնեն, մենք գտել ենք, գտնում ենք ու կգտնենք լուծումներ»,–ասաց վարչապետը: 

Վարչապետը սրա համար շատ էական համարեց այն անձնական փոխվստահությունը, որ ունեն ՌԴ գործընկերների հետ:

Փաշինյանը նկատեց՝ թե հանրության մեջ, թե քաղաքական շրջանակներում կան քննարկումներ, գործընկերներից շատերը հստակ արտահայտվում են, որոնց համար ունեն հիմնավորումներ:

«Բայց ես դա համարում եմ պրոցես, տրանսֆորմացիայի մաս: Եվ իմ կարծիքով՝ այդ տրանսֆորմացիայի մեջ դրականն անգամներով ավելի էական է, քան բացասականը: Ես և մենք կենտրոնանալու ենք դրականի վրա և փորձելու ենք զարգացնել դրականը»,–ասաց վարչապետը:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում