Մերձավոր Արևելք

Սիրիայի նախագահը խոսել է Իսրայելի հետ բանակցություններում առաջիկա օրերին սպասվող հնարավոր արդյունքների մասին

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահը խոսել է Իսրայելի հետ բանակցություններում առաջիկա օրերին սպասվող հնարավոր արդյունքների մասին

Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան հայտարարել է, որ Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի հասնելու համար ընթացող բանակցությունները կարող են արդյունքներ տալ առաջիկա օրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ին։

Դամասկոսում լրագրողների հետ զրույցում աշ-Շարաան անվտանգության համաձայնագիրը որակել է որպես «անհրաժեշտություն» և նշել, որ այն կպահանջի հարգել Սիրիայի օդային տարածքը և տարածքային ամբողջականությունը։

«Խաղաղություն հաստատելու և Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու հարցն այս պահին օրակարգում չէ», - հայտարարել է աշ-Շարաան՝ հավելելով, որ եթե հաջողության հասնեն և համաձայնության գան անվտանգության միջոցառումների շուրջ, ապա հնարավոր է ապագայում այլ համաձայնությունների ևս հասնեն։

Աշ-Շարաան պնդել է, որ Միացյալ Նահանգները «ճնշում չեն գործադրում Դամասկոսի վրա՝ Իսրայելի հետ համաձայնության գալու համար»։ Նա կոչ է արել Իսրայելին «հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և չխախտել նրա օդային տարածքը»։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Իսրայելը Սիրիային առաջարկ է ներկայացրել, որը նպատակ ունի փոխարինել 1974 թվականի համաձայնագիրը։ Համաձայն առաջարկի՝ նախատեսվում է սիրիական կողմում բուֆերային գոտու ընդլայնում երկու կիլոմետրով, այդտեղ արգելել ռազմական ուժերի կամ ծանր զենքի առկայությունը և թույլատրել միայն ոստիկանության և ներքին անվտանգության ուժերի տեղակայումը։ Բացի այդ սահմանվելու է արգելված թռիչքային գոտի սիրիական ինքնաթիռների համար:

Դրա դիմաց Իսրայելն առաջարկում է աստիճանաբար դուրս գալ Սիրիայում վերջին ամիսներին զբաղեցրած տարածքներից՝ պահպանելով իր ռազմավարական դիրքը Հերմոն լեռան գագաթին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում