2 րոպեի ընթերցում
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեկ տարվա պատերազմը 120 միլիարդ դոլար է արժենում Ուկրաինայի համար, որի կեսն անհրաժեշտ կլինի խնդրել դաշնակիցներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի մասնակցությամբ սեպտեմբերի 17-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում:
«Այս պատերազմի մեկ տարվա արժեքը 120 միլիարդ դոլար է, որից 60 միլիարդը հատկացվում է Ուկրաինայի բյուջեից, իսկ մնացածը պետք է հայթայթեմ հաջորդ տարվա համար»,- նշել է նա:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի բյուջետային հարցերով կոմիտեի նախագահ Ռոքսոլանա Պիդլասան հայտարարել էր, որ հաջորդ տարի երկրին առնվազն 120 միլիարդ դոլար է անհրաժեշտ լինելու պաշտպանության ծախսերի համար, որի միայն կեսը իշխանությունները կկարողանան հոգալ ինքնուրույն:
Մինչ այդ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը նշել էր, որ Կիևը կփորձի արևմտյան դաշնակիցներին ստիպել հաջորդ տարվա իրենց բյուջեներում ևս 60 միլիարդ դոլար նախատեսել Ուկրաինայի կարիքների համար։
Հուլիսին Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել էր օրենք, որով նախատեսվում է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ոլորտի ծախսերն այս տարի ավելացնել 412 միլիարդ գրիվնայով (9,8 միլիարդ դոլարով)։
Երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն այս ամիս հայտարարել էր, որ Ուկրաինայի պետական բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին կկազմի 16 միլիարդ եվրո։