Մշակույթ

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել Թանգարանների խորհրդի առաջին նիստը

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել Թանգարանների խորհրդի առաջին նիստը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Թանգարանների խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, խորհրդի անդամները, նախարարության ոլորտայի ստորաբաժանման ղեկավարներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ  Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին խորհրդի կազմում ընդգրկվելու առիթով: Նա նշել է, որ «Թանգարանների մասին» օրենքի համաձայն՝ ձևավորվել է Թանգարանների խորհուրդ, որը խորհրդակցական մարմին է՝ 15 հոգանոց կազմով, երեք տարի ժամկետով: Խորհրդի կազմում ներգրավված են ԿԳՄՍ, Տարածքային կառավարման նախարարությունների, Զբոսաշրջության կոմիտեի, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ: Ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ներգրավված են նաև թանգարանների ներկայացուցիչներ:

«Այս ձևաչափով պետք է քննարկվեն թանգարանային ոլորտի կարևոր հարցերը, որի արդյունքում ներկայացվող խորհրդակցական առաջարկները և եզրակացությունները կարող են հիմք ծառայել թանգարանային քաղաքականության հստակեցման և ճշգրտման համար: Շատ կարևոր է, որ ոլորտում այսպիսի հավաքական խորհրդակցական մարմին է ձևավորվել»,- նշել է նախարարը` խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ աշխատանք: 

Թանգարանների խորհրդի առաջին նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների հուշանվերային արտադրանքի վերաբերյալ: Հարցը զեկուցել է Մշակույթի զարգացման  հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը` հանգամանորեն ներկայացնելով թանգարանային հուշանվերների զարգացման ներդրումային ծրագրի առաջարկը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քննարկվող հարցը կարևոր է մշակույթի տնտեսականացման տեսանկյունից և համահունչ է Կառավարության շարունակական քաղաքականությանը. «Փորձում ենք բարձրացնել մշակույթի ոլորտի ինքնաբավությունը՝ մյուս կողմից ավելի նշանակալի դարձնելով մշակույթի դերը հանրային և տնտեսական զարգացման համատեքստում: Այս մոտեցումն ամրագրված է Մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարության մեջ: Մշակույթը դիտարկում ենք իբրև ստեղծարար արդյունաբերության կարևոր ճյուղ և այդ իմաստով մեծ աշխատանք ունենք անելու: Վերջերս ընդունված «Թանգարանների մասին» օրենքն այս առումով մեծ հնարավորություններ է տալիս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանի զեկույցից հետո խորհուրդը քննարկել է նախագիծը` ներկայացնելով առաջարկներ և դիտարկումներ, որոնք վերաբերել են թանգարանների խանութի և հուշանվերային արտադրանքի տարբեր բաղադրիչներին, կիրառման մեխանիզմներին և գործիքակազմին: 

Նախարարը շնորհակալություն է հայտնել Մշակույթի զարգացման հիմնադրամին կատարած ծավալուն աշխատանքի համար՝  առաջարկելով նախագիծը մեկ անգամ ևս քննարկել` ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա այն լրամշակելուց հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում