Ընդունվեց Գյումրի համայնքի 2025-2029 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Գյումրիի ավագանին ձայների մեծամասնությամբ ընդունեց Գյումրի համայնքի 2025-2029 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը՝ որպես քաղաքի կայուն զարգացման ռազմավարական ուղեցույց։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գյումրիի քաղաքապետարանից, ծրագիրը լրամշակված տարբերակն է՝ ներկայացված օգոստոսի 14-ին ավագանու արտահերթ նիստի ժամանակ։ Լրամշակումը կատարվել է՝ հաշվի առնելով ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ հզոր համայնք» և «Մեր քաղաքը» խմբակցությունների առաջարկությունները: Ավագանու նախորդ նիստին ծրագիրը քվեարկության չդրվեց և ուղարկվեց լրամշակման։ 

2025-2029 թվականների ընթացքում Գյումրիի զարգացման հիմնական ուղղությունները լինելու են համայնքային կառավարման համակարգում թվային տեխնոլոգիաների կիրառումը, փողոցների, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների արդիականացումը, բնակարանային խնդիրների լուծման շարունակական քաղաքականության իրականացումը, տնտեսական ակտիվության խթանումը՝ նոր ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմամբ, սոցիալական ծառայությունների և հանրային պաշարների ավելի լայն հասանելիություն, կրթական, մշակութային, մարզական և առողջապահական համակարգերի զարգացումը և այլն։

Ծրագրում առաջնային է նաև բնապահպանական կայունության ապահովումը, աղետների ռիսկերի նվազեցումը, ինչպես նաև միջազգային համագործակցությունների ընդլայնումը։

Լրամշակված տարբերակի ներկայացումից առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վստահեցրեց, որ ծրագրում ներառված են գրեթե բոլոր առաջարկները, մասնավորապես՝ Գյումրիի կենտրոնի պատմական միջավայրի վերականգնումը, թափառող կենդանիների համար կացարանի կառուցումը, բակային սպորտային վարժասարքերի ձեռքբերումը, թատերական և կայարանամերձ հրապարակների շատրվանների նորոգումը և բարեկարգումը, սպորտի թանգարանի ստեղծումը, կրթամշակութային հաստատությունների վերանորոգումը և այլն։

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը նշեց, որ թեև լրամշակված տարբերակում ներառված են նախկինում հնչեցված առաջարկությունները, այնուամենայնիվ, այն պետք է լիներ ավելի թվային և փաստարկված՝ օրինակ՝ նշելով, թե որ թվականին քանի փողոց է նախատեսվում վերանորոգել։

Գյումրի համայնքի 2025-2029 թվականների զարգացման հնգամյա ծրագիրն ընդունվեց 18 կողմ և 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Ձեռնպահ են քվեարկել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։

Հայերեն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում