Մերձավոր Արևելք

Իսրայելը հաստատել է Գազայի վրա ընդլայնված ցամաքային գործողությունների մեկնարկը

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հաստատել է Գազայի վրա ընդլայնված ցամաքային գործողությունների մեկնարկը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը «ինտենսիվ գործողություններ է սկսել Գազա քաղաքում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը։

Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ տասնյակ հազարավոր զինվորներից բաղկացած բանակի երկու դիվիզիաներ սեպտեմբերի 16-ի գիշերը սկսել են ընդլայնված ցամաքային գործողություններ Գազա քաղաքում՝ հավելելով, որ բանակը մեկնարկել է ՀԱՄԱՍ-ի դեմ իր հարձակման «նոր փուլը»։

«Գեդեոնի կառքեր Բ» անվանմամբ հարձակման վաղ փուլերը սկսվել են մի քանի շաբաթ առաջ՝ ՀԱՄԱՍ-ի թիրախների, այդ թվում՝ բարձրահարկ շենքերի վրա նոր հարվածներով և Գազա քաղաքի ծայրամասերում և քաղաքի արևմուտքում գտնվող մի քանի թաղամասերում ցամաքային գործողություններով։

Հայտարարության համաձայն՝ առաջիկա օրերին և շաբաթներին ցամաքային զորքերը պատրաստվում են մտնել քաղաքի խորքերը և շրջապատել այն։

Զինվորականները հայտնում են, որ ԻՊԲ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը անձամբ է ղեկավարում հարձակումը Հարավային հրամանատարությունից։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին։

 «Գազան այրվում է: Իսրայելի պաշտպանության բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, և Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները քաջաբար պայքարում են պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի ջախջախելու պայմաններ ստեղծելու համար», - նշել է նա X-ի գրառման մեջ՝ հավելելով, որ իսրայելական ուժերը չեն նահանջի:

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, գնդապետ Ավիչայ Ադրային նշել է, որ քաղաքացիական բնակչությանը հանձնարարվել է անհապաղ լքել տարածքը։

«Գազա քաղաքը համարվում է վտանգավոր մարտական ​​գոտի, տարածքում մնալը ձեզ վտանգի է ենթարկում», - X-ի գրառման մեջ նշել է խոսնակը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում