Մշակույթ

Սերտ շփումներ կսկսվեն «Թախթ-է Ջամշիդ» համաշխարհային ժառանգության կոթողի և «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանի միջև. Իրանում ՀՀ դեսպան

8 րոպեի ընթերցում

Սերտ շփումներ կսկսվեն «Թախթ-է Ջամշիդ» համաշխարհային ժառանգության կոթողի և «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանի միջև. Իրանում ՀՀ դեսպան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում կայացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը:

Աննախադեպ այս միջոցառումը կայացել է Իրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ-ԻԻՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների ակտիվ համագործակցության արդյունքում:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարրաֆը, ԻԻՀ Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրին, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, Իրանում հավատարմարված դեսպաններ և դիվանագետներ, շուրջ 2000 հանդիսականներ:

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը համերգի շրջանակում ելույթով է հանդես եկել, որը  հրապարակվել է դեսպանության կայքում: 

«Արմենպրես»-ը դեսպանի խոսքն ամբողջությամբ ներկայացնում է ստորը.

«Մեծագույն պատիվ է այսօր ելույթ ունենալ Պերսեպոլիսում կամ բազմադարյա Թախթ-է Ջամշիդում՝ մարդկության պատմամշակութային ժառանգության ամենավեհ խորհրդանիշներից մեկում։ Մենք հավաքվել ենք հինավուրց այս պատերի ներքո՝ նշելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-րդ տարեդարձը։

Աննախադեպ նշանակության այս միջոցառումը հնարավոր չէր լինի կյանքի կոչել առանց Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության, մասնավորապես՝ Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի, Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարությունների, Ֆարսի նահանգային իշխանությունների և «Թախթ-է Ջամշիդ» համաշխարհային ժառանգության կոթողի տնօրինության ցուցաբերած մեծ օժանդակության: Չեմ կարող մեր երախտիքի խոսքը չհղել Ֆարսի փոխնահանգապետ Մեհդի Փարսայիին, մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի ավագ խորհրդական Հոջաթոլլահ Այուբիին, ինչպես նաև իրանահայ կոմպոզիտոր մաեստրո Ռազմիկ Օհանյանին, որոնք առանցքային նշանակություն ունեն այս կարևոր միջոցառման կյանքի կոչման հարցում: Հատուկ շնորհակալություն նաև այն հսկայական թիմին, որի նվիրական աշխատանքի շնորհիվ իրականություն է դարձել այս ծրագիրը:

Մեծարգո՛ հյուրեր,

Այս հանդիսավոր պահին թույլ տվեք կիսվել իմ այն անկեղծ զգացողությամբ, որ այժմ մենք կանգնած ենք պատմության անմահության և մշակույթի հզորության շեմին։ Պերսեպոլիսի հնագույն սյուները, Ժողովուրդների հոյակերտ դարպասը, ժայռափոր հուշարձանները մեզ ապշեցնում են իրենց հզորությամբ ու կենդանի շնչով։ Այս վայրն առասպելների, քաղաքակրթության ու աներևակայելի իրականության խաչմերուկն է, որտեղ միաձուլվում են անցյալն ու ներկան՝ շաղախված արքայական աներևույթ ոգով և մշակույթի հավերժական ուժով։

Միաժամանակ մենք զգում ենք երկու աշխարհների՝ Հայաստանի և Իրանի պատմական ու մշակութային ամուր կապը, որի կամուրջն է նաև այս համերգը: Կամուրջ՝ երկու հինավուրց պետությունների, հազարամյակների պատմական փորձ կիսող երկու ժողովուրդների միջև: Եթե Պերսեպոլիսը վկայում է հնագույն քաղաքակրթության հզորությունը, ապա երաժշտությունը վերստին ապացուցում է, որ այդ քաղաքակրթությունները շարունակում են խոսել մեզ հետ ապրող լեզվով՝ արվեստի լեզվով։ Այս համերգի ընթացքում հնչող յուրաքանչյուր մեղեդի ոչ միայն արվեստի տոն է, այլ նաև դարակերտ հուշարձանին հաղորդվող կյանքի շունչ, որ պատմում է արիության ու ոգեղենության մասին՝ հանդես գալով որպես մեկ ամբողջություն՝ քարերի ու դարերի սիմֆոնիա։

Պերսեպոլիսի պատկերազարդումներին հայացք գցելիս տեսնում ենք նաև հայկական ներկայությունը: Հայ պաշտոնյաները, արժանապատվորեն կանգնած առաջին շարքերում, իրենց ընծաներն են մատուցում պարսից արքային։  Այսօր մենք այստեղ ենք նույն ոգով ու նոր ընծայով. ընծա, որն այլևս մեր պատմության, անկախության, ստեղծագործության և հավերժական գոյության անձնագիրն է։

Մեր այս համերգ-ընծան՝ ուղղված բարեկամ ու եղբայրական Իրանի ժողովրդին, նաև հետագա փոխգործակցության յուրօրինակ մեկնակետ է: Ուրախ եմ փաստել, որ մեր երկկողմ համագործակցության շրջանակում առաջիկայում սերտ շփումներ կմեկնարկեն «Թախթ-է Ջամշիդ» համաշխարհային ժառանգության կոթողի և «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանի միջև: Իսկ Շիրազի՝ շուրջ մեկ տասնյակ քույր քաղաքների թվին կավելանա ևս մեկը՝ Հայաստանի Հանրապետության պատմամշակութային քաղաքներից։

Հարգարժա՛ն ներկաներ,

Այս խորհրդանշական մթնոլորտում թույլ տվեք անդրադառնալ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Այն մեր երկրի առաջին և գլխավոր սիմֆոնիկ նվագախումբն է, որը հիմնադրվել է 1925թ.-ին Ալեքսանդր Սպենդիարյանի ու Արշակ Ադամյանի համատեղ ջանքերով և ծավալել 100 տարիների անընդմեջ գործունեություն: 

Իր ստեղծման առաջին օրից Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եղել է մեր երկրի մշակութային կյանքի յուրօրինակ բաբախը՝ հնչեցնելով հայ և համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ։

Չեմ կարող չանդրադառնալ հասարակական այն կարևոր առաքելությանը, որն իրականացրել է ֆիլհարմոնիկ նվագախումբը հատկապես Հայաստանի անկախացման և անկախության առաջին տարիներին: 1990-ականների հասարակական-քաղաքական բարդ պայմաններում, երբ կյանքն ասես կանգ էր առել, իսկ մշակույթը, թվում էր, խոր ճգնաժամի մեջ է, ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Լորիս Ճգնավորյանի գլխավորությամբ, կարողանում է գերմարդկային ճիգերի շնորհիվ դառնալ այն հրաշագործ բժիշկը, որն ապաքինում է հայ մշակութային կյանքը: Իսկ Հայաստանի անկախության հանրաքվեի օրը նվագախումբը կազմակերպում է 24-ժամյա չդադարող համերգ-մարաթոն՝ բարձրացնելով հայ ժողովրդի ոգին ու կոչ անելով «այո» ասել անկախությանը:

2000 թվականից նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարն է արվեստի վաստակավոր գործիչ մաեստրո Էդուարդ Թոփչյանը, որի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է եկել 20-րդ և 21-րդ դարերի դասական կատարողական արվեստի հսկաների հետ՝ նվագախումբը հասցնելով կատարողական բարձր մակարդակի։

Հարգելի՛ ներկաներ,

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ համոզմունքս հայտնել, որ այս երեկոն կդառնա ոչ միայն երաժշտության տոն, այլև երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման, բարեկամության և մշակութային հարուստ ժառանգության օր։ Թող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, նրա հնչյունները, ինչպես այս համալիրի հինավուրց քարերը, մնան հավերժ և մեզ հիշեցնեն, որ արվեստը կարող է հաղթահարել ժամանակը, տարածությունը և նույնիսկ անանցանելի թվացող սահմանները։

Սիրելի՛ հյուրեր, եկեք բացենք մեր սրտերը և լսենք, թե ինչպես են միահյուսվում արվեստն ու պատմությունը՝ ստեղծելով մեկ ամբողջություն, որը բարձրացնում է մեր ոգին, լցնում հավատով և հիշեցնում մարդկային մեծության ու ժամանակի զորեղության մասին»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում