Ամասիայում նոր դպրոց է կառուցվում
2 րոպեի ընթերցում

Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագրով Շիրակի մարզի Ամասիա համայնքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվում է նոր դպրոց։ Այն նախատեսված է Ամասիա, Բանդիվան և Հովտուն բնակավայրերի 288 աշակերտի համար։
Նոր կրթօջախը կառուցվում է 1988 թվականի երկրաշարժից վթարային դարձած նախկին դպրոցի տարածքում։ Հին շինության ապամոնտաժումից հետո մեկնարկել են նոր դպրոցի շինարարական աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը, այս պահին իրականացվում են հիմքերի բետոնավորման աշխատանքները։
Եռահարկ նոր դպրոցն ունենալու է չորս մասնաշենք, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, լաբորատորիաներ և կաթսայատուն։ Շինարարության ավարտը նախատեսվում է 2026 թվականի օգոստոսին։
Քանի որ նախկին դպրոցի տարածքը չէր բավարարում ժամանակակից կրթական չափորոշիչներին, համայնքի ավագանու որոշմամբ դպրոցին տրամադրվել է նաև լրացուցիչ տարածք։ Նոր հատկացված տարածքում կառուցվելու է խաղահրապարակ, ինչպես նաև տեղադրվելու են արևային պանելներ։ Տարածքից հեռացվել են այնտեղ ժամանակավորապես տեղադրված տնակները։
Ամասիայի համայնքապետարանից տեղեկացրին, որ այս պահին Ամասիայի դպրոցի դասապրոցեսը շարունակվում է Արհեստագործական ուսումնարանի երկու մասնաշենքում։