Մինսկի խմբի լուծարումը համարում ենք հիմնավորված և արդարացված. Զախարովա
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնությունը հիմնավորված է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրականության արմատական փոփոխությունները։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը, ԵԱՀԿ անդամ մի շարք այլ պետությունների հետ միասին, մասնակցել է Մինսկի խմբի լուծարման մասին որոշման ընդունմանը՝ ելնելով կոնսենսուսի սկզբունքից։ Կարծում ենք, որ այս քայլը լիովին արդարացված է՝ հաշվի առնելով իրավիճակի փոփոխությունները Հարավային Կովկասում»,-ընդգծել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Մինսկի գործընթացի փակման նախաձեռնությունը ներկայացվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից։ «Օգոստոսի 11-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարները համապատասխան առաջարկով դիմել են ԵԱՀԿ-ին՝ փաստելով, որ Բաքուն և Երևանը այլևս Մինսկի գործընթացի գործիքների կարիքը չեն տեսնում»,-նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան հավելել է, որ Մինսկի խմբի գործունեության ամբողջ ընթացքում ռուսական համանախագահությունը գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հաշտեցման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմում էին ստորագրել Մինսկի խումբը լուծարելու հարցով։
ԵԱՀԿ Մինսկի գործընթացը մեկնարկել էր 1992 թվականին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով։ Գլխավոր ձևաչափը Մինսկի խումբն էր, որի համանախագահներն էին ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։