«Մարալիկի առողջության կենտրոն»-ը համալրվել է սոնոգրաֆիայի նոր սարքով
1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետի աշխատակազմի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոն»-ը նոր սոնոգրաֆիայի սարք ունի։ Շիրակի մարզպետի աշխատակազմի միջնորդությամբ ՀՀ առողջապահության նախարարության և «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա «Մարալիկի առողջության կենտրոն»-ին սարքի ձեռքբերման համար հատկացվել է 5 մլն 300 հազար դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, Չինաստանից ներկրված արդիական սարքավորումն ունի երեք տվիչ՝ ներքին օրգանների ՈՒՁՀ, անոթների դուպլեքս հետազոտություն և ինվագինալ հետազոտություն։
Սարքի գործարկումը կօգնի տարածաշրջանի բնակիչների սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։
Բուժհաստատությունը սպասարկում է Անիի տարածաշրջանի 17 բնակավայրի շուրջ 20 հազար բնակչի։