Հայաստան

Սահմանային հանքավայրերում գործունեության համար ԱԱԾ, ԱԳՆ, ՊՆ և մաքսային մարմնի համաձայնությունները կդառնան պարտադիր

2 րոպեի ընթերցում

Սահմանային հանքավայրերում գործունեության համար ԱԱԾ, ԱԳՆ, ՊՆ և մաքսային մարմնի համաձայնությունները կդառնան պարտադիր

Սահմանային շերտում ուսումնասիրություն կամ արդյունահանում իրականացնելու դիմումներին կից պարտադիր կդառնան ԱԱԾ, ԱԳՆ, ՊՆ, իսկ մաքսային հսկողության գոտում՝ նաև մաքսային մարմնի համաձայնությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը՝ ներկայացնելով «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը խստացնում է սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին հանքագործական գործունեության կարգավորումը։

«Ներկայացված նախագծերով առաջարկվում է դիմումին կից ներկայացնել Ազգային անվտանգության ծառայության, արտաքին գործերի և պաշտպանության ոլորտների, իսկ մաքսային գոտիներում նաև մաքսային մարմինների համաձայնությունները»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ սահմանվում է լիակատար արգելք սահմանային գետերի հունից ավազ (այդ թվում՝ ավազակոպճային/ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանելու վրա։  Տուգանք՝ 20 մլն դրամ, իսկ կրկնվելու դեպքում՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում։

«Գետի հունից ավազի արդյունահանման արգելք է սահմանվել, կրկնելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը ենթակա է դադարեցման»,— ընդգծեց փոխնախարարը։

Փաթեթը միտված է կանխելու գետերի հուների փոփոխության ռիսկերը (այդ թվում՝ Արաքսում) և սահմանային էկոհամակարգերի ու անվտանգային ռիսկերի նվազեցումը։ Կառավարությունը ենթաօրենսդրական ակտերը կսահմանի մինչև 8 ամսում, իսկ գործող ընկերությունները կունենան 90 օր՝ GPS և այլ պահանջներին ամբողջությամբ համապատասխանելու համար։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում