Մշակույթ

Արկոյի «Հետքը». ցուցահանդես՝ նվիրված Արկադի Բաղդասարյանի ծննդյան 80-ամյակին

2 րոպեի ընթերցում

Արկոյի «Հետքը». ցուցահանդես՝ նվիրված Արկադի Բաղդասարյանի ծննդյան 80-ամյակին

Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել Արկադի Բաղդասարյանի (Արկո) ծննդյան 80-ամյակին նվիրված «Հետք» խորագրով ցուցահանդեսի բացումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Ցուցահանդեսին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված շուրջ 50 աշխատանքներին, որոնք բացահայտում են արվեստագետի ստեղծագործական ամբողջ ճանապարհը՝ վաղ շրջանի գործերից մինչև հասուն շրջանի գլուխգործոցները։ Դիմանկարներից, կոլաժներից, ասամբլյաժներից և քանդակներից բաղկացած այս հավաքածուն թույլ է տալիս դիտարկել Արկադի Բաղդասարյանի արվեստի զարգացումը բոլոր շերտերով՝ ակադեմիականությունից մինչև անսահման ազատություն։

Հայկական աբստրակցիոնիզմի ներկայացուցիչ Արկադի Բաղդասարյանի 80-ամյակին նվիրված «Հետք» ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ոչ միայն հիանալու նրա բազմազան ստեղծագործություններով, այլև վերաիմաստավորելու նկարչի դերը ժամանակակից արվեստի պատմության մեջ։ Նա դիտողին հրավիրում է մտածելու արվեստի և կյանքի միջև եղած բարդ փոխհարաբերությունների, հիշողության և ժառանգության մասին։  

Ցուցահանդեսը մի կողմից արտացոլում է Արկադի Բաղդասարյանի անցած ստեղծագործական ճանապարհը՝ որպես աբստրակտ արվեստի առաջամարտիկի մշակութային «հետքը», մյուս կողմից՝ խորհրդանշում այն հոգևոր և ստեղծագործական ժառանգությունը, որը նա փոխանցել է հաջորդ սերունդներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում