«Իմ Քայլը» հիմնադրամը Արագածոտնի մարզի ձեռներեց կանանց է ներկայացրել «Նոր մեկնարկ» ծրագիրը
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի գլխավորությամբ՝ Հիմնադրամի աշխատակազմը հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզի ուժեղ, նախաձեռնող և կայացած կանանց հետ` ներկայացնելու հիմնադրամի 2 ծրագրերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը մասնակցել են 35 ձեռներեց կանայք՝ փոքր և միջին բիզնեսի հիմնադիրներ, համայնքային առաջնորդներ, տնային տնտեսուհիներ և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ մարզի տարբեր համայնքներից։
Նշվում է, որ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հանդիպմանը շնորհակալական խոսք է ուղղել տիկին Հակոբյանին. «Անչափ կարևորում ենք այն փաստը, որ Արագածոտնի մարզը երբեք անմասն չի մնացել Հիմնադրամի որևէ ծրագրից։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը և չնայած Ձեր խիտ գրաֆիկին, ժամանակ գտաք այցելելու մեզ»։
Հանդիպումն անցկացվել է ոչ ֆորմալ մթնոլորտում՝ խոսքի հնարավորություն տրամադրելով յուրաքանչյուր կնոջ՝ ներկայացնելու իր ուղին, զբաղվածությունը, կրթական ոլորտում ձգտումներն ու հաջողության պատմությունը։
Աննա Հակոբյանն իր խոսքում շեշտել է, որ հիացած է կանանց պատմություններով։ «Երբ ասում եք՝ ունեմ հյուրատուն, զբաղվում եմ ձեռագործությամբ կամ բիզնես եմ վարում, ես պատկերացնում եմ՝ որպես կին՝ ինչ ճանապարհ եք անցել մինչև այդ ամենին հասնելը։ Մենք` որպես կին, պետք է ավելի մեծ առաջնորդություն վերցնենք մեզ վրա, անենք առավելագույնս` հասկանալու համար` մեր ընտանիքներում այդ ո՞ր գիտելիքն է, որ մեզ մոտ պակասում է, որը լրացնելու պարագայում` ավելի երջանիկ, բարեկեցիկ, արդյունավետ կդարձնենք մեր մեծերի, երեխաների, համայնքի, պետության կյանքը: Եվ այդ առաջնորդության ճանապարհը պետք է սկսել հենց կրթվելուց»,-ասել է Աննա Հակոբյանը։
Հիմնադրամի հաղորդմամբ՝ հանդիպման առանցքում են եղել «Իմ Քայլը» հիմնադրամի երկու կարևոր ծրագրեր, որոնցից առաջինը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագիրն է, որը ներկայացվել է հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի կողմից։
Նա մանրամասնել է ծրագրի արդյունքները՝ շեշտելով կրթական բաղադրիչի դերը հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում: Նա նաև ներկայացրել է արտերկրում այն բազում փորձի փոխանակման ծրագրերը, որոնք պարբերաբար տրամադրվում են հիմնադրամի շահառուներին: Այսինքն, ծրագրի աջակցությունը միայն դրամաշնորհի տրամադրմամբ չի ավարտվում:
Երկրորդը՝ «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը՝ ներկայացրել է ծրագրի ղեկավարը՝ Ստեփան Սարգսյանը՝ մանրամասնելով դիմելու կարգը, նախապատվություն ստացող խմբերը, ինչպես նաև այն աջակցությունը, որ շահառուները կստանան ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական ու կրթական տեսանկյունից։
«Հանդիպումը եզրափակվեց խեցեգործության վարպետաց դասով: Կանանցից մեկը՝ կավագործությամբ զբաղվող կին ձեռնարկատեր էր, ներկայացրեց իր ձեռագործ աշխատանքները և անցկացրեց փոքրիկ վարպետաց դաս, որին մասնակցեց նաև տիկին Հակոբյանը»,-ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Ինպե՞ս դիմել «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագրին․
«Եթե 23+տարեկան եք, ունեք 5+տարի ուսումնական դադար և ցանկանում եք ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, մասնակցել վերապատրաստման դասընթացների կամ սովորել նոր մասնագիտություն, «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը հենց ձեզ համար է։ Ծրագրի մանրամասներին, հնարավորություններին և դիմելու կարգին ծանոթանալու համար անցե՛ք հետևյալ հղումով` /https://shorturl.at/UHRNg%ab-%d5%b0/»,-հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամը։