Լուկաշենկոն հայտարարել է Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մինսկում կազմակերպելու պատրաստակամության մասին
2 րոպեի ընթերցում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է «թեկուզ վաղը» Մինսկում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների բանակցությունները, եթե նրանք որոշեն այնտեղ գնալ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԲելՏԱ պետական գործակալությունից։
«Ես Մինսկում Ուկրաինայի շուրջ բանակցություններ կազմակերպելու ցանկությամբ տարված չեմ, բայց եթե պետք է, ամեն բան կանենք», - ասել է Լուկաշենկոն օգոստոսի 22-ին Մինսկում Չինաստանի պետական China Media Group մեդիաընկերությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Բելառուսի մայրաքաղաքը «իդեալական վայր» կլիներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու բանակցությունների համար։
«Եթե ռուսական և ուկրաինական կողմերը պայմանավորվեն և որոշեն այստեղ՝ Բելառուս գալ թեկուզ վաղը, ամեն ինչ կկազմակերպվի պատշաճ մակարդակով», - հայտարարել է Լուկաշենկոն։
Նա նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները որպես միջնորդ ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններում։
Բելառուսի ղեկավարը ճիշտ չի համարել այն տեսակետը, թե Թրամփը, իբր, պարտվել է բանակցությունների արդյունքում։
«Այնտեղ կոնկրետ պայմանավորվածություններ չէին կարող լինել, քանի որ հանդիպել են ոչ թե հակամարտության կողմերը, այլ միայն կողմերից մեկը։ Իսկ ԱՄՆ նախագահը հանդես է եկել որպես միջնորդ՝ Ռուսաստանի դիրքորոշումն իմանալու համար։ Եվ այդ դերը նա հիանալի կատարեց», - ասել է Լուկաշենկոն։
«Ինչո՞ւ հանդիմանել Թրամփին կոնկրետ արդյունքների չհասնելու համար։ Կոնկրետ բաների մասին կարող էր խոսել Վլադիմիր Պուտինը, բայց նա անհրաժեշտ չհամարեց դա անել և գործեց դիվանագիտորեն։ Բայց Թրամփը զարմացրեց ինձ։ Նա իր դերը հիանալի խաղաց՝ հակառակ բոլոր սպասումներին», - նշել է Բելառուսի ղեկավարը։