Եվրոպա

Ռումինիան Ուկրաինային աջակցելու շրջանակում պատրաստ է տրամադրել իր ռազմաբազաները ՆԱՏՕ-ին

2 րոպեի ընթերցում

Ռումինիան Ուկրաինային աջակցելու շրջանակում պատրաստ է տրամադրել իր ռազմաբազաները ՆԱՏՕ-ին

Ռումինիան կարող է նպաստել Ուկրաինայում երկարատև խաղաղության հաստատմանը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին իր ռազմաբազաներ մուտքի հնարավորություն տրամադրելով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Antena 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանը։

Հարցին, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում ԱՄՆ-ի կողմից Ռումինիայում F-35 կործանիչներ տեղակայելու խնդրանքին՝ որպես անվտանգության երաշխիքների մաս, Բոլոժանը կրկնել է, որ Բուխարեստն արդեն իսկ որոշ կարմիր գծեր է գծել։

«Ռումինիան շատ հստակ նշել է առնվազն երկու բան. մենք զորքեր չենք ուղարկի, մենք չենք մասնակցի զորքերի որևէ հնարավոր տեղակայման Ուկրաինայի տարածքում։ Սա շատ հստակ կետ էր», - ասել է վարչապետը։

Նա, այնուամենայնիվ, պարզաբանել է, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Ռումինիան իր այլընտրանքային օժանդակությունն է տրամադրում՝ առաջարկելով իր ռազմաբազաները դաշնակից ուժերին։

«Հաշվի առնելով մեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ մեր ռազմական բազաները, որոնք արդեն իսկ համատեղ շահագործվում են Ռումինիայի և ՆԱՏՕ-ի ուժերի, հիմնականում՝ ռազմաօդային ուժերի կողմից, կարող են օգտագործվել ՆԱՏՕ-ի զորքերի, ԱՄՆ ուժերի և այլ դաշնակիցների կողմից: Այսօր մեր օդանավակայաններում անցկացվում են օդային պարեկություններ, Սև ծովի մոնիթորինգի օդային ոստիկանության առաքելություններ և համատեղ զորավարժություններ: Սա կարող է լինել Ռումինիայի ներդրումն Ուկրաինայում երկարատև խաղաղության ապահովման գործում՝ մեր ռազմաբազաները հասանելի դարձնելով ՆԱՏՕ-ի համար», - հավելել է Բոլոժանը։

Օգոստոսի 21-ին Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ վերահաստատելով Ռումինիայի դերը որպես «հուսալի և ակտիվ դաշնակից ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության գործում», նաև ընդգծելով երկրի հանձնառությունը ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ սերտ համակարգմամբ Ուկրաինային «բազմակողմանի և կայուն աջակցություն» տրամադրելու հարցում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում