ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարին
4 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Սեյյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ընդգրկված է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորած պատվիրակության կազմում: Ողջունելով իրանցի գործընկերոջը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԻԻՀ նախագահի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության և փոխհամագործակցության զարգացմանը, մշակույթի ոլորտում ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը։
Հանդիպմանը քննարկվել են Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում-համերգի անցկացմանը վերաբերող հարցեր։ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այն բացառիկ իրադարձություն է և կնպաստի ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակմանը, այլև Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը։
Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Իրանի ազգային գրադարանում հայկական անկյուն բացելու նախաձեռնությունն ու այնտեղ Հայաստանի պատմության և մշակույթի մասին գրքերի ներկայացումը։ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում ՀՀ ԱԳ նախարարության միջնորդությամբ Իրանի ազգային գրադարանին 15 անուն գիրք կփոխանցի՝ հայկական անկյան բացմանը ներկայացնելու համար:
Ընդգծվել է նաև կինոյի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով պատմական ընդհանրություններն ու ոլորտային զարգացման առանձնահատկությունները: Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացման համատեքստում ընդգծել հատկապես մշակութային կապերի ընդլայնումը:
Նշվում է, որ կողմերը հեռանկարային են համարել նաև երկու պետությունների մասնագետների ներգրավմամբ արշավախմբեր ձևավորելու, պեղումներ իրականացնելու, ըստ այդմ նաև փորձի փոխանակման հնարավորությունները: Առանձնակի կարևորվել է հայկական և իրանական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես, հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը՝ որպես զբոսաշրջության կարևոր վայրեր:
Ընդգծելով մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը՝ կողմերը քննարկել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում համատեղ հայտի ներկայացման, ցուցահանդեսների անցկացման, թանգարանային ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: