Մարզեր

Գյումրի համայնքի զարգացման 5-ամյա ծրագիրն ուղարկվեց լրամշակման

4 րոպեի ընթերցում

Գյումրի համայնքի զարգացման 5-ամյա ծրագիրն ուղարկվեց լրամշակման

Գյումրի համայնքի 2025-2029 թվականների զարգացման ծրագիրը ավագանու արտահերթ նիստում քվերակության չդրվեց և ուղարկվեց լրամշակման: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգային 25 հարցերից առաջինը զարգացման հնգամյա ծրագրի հաստատումն էր, սակայն երկարատև քննարկումներից հետո, լսելով ավագանու խմբակցությունների դիտարկումները, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այն հանեց օրակարգից։ 

Մինչ հարցն օրակարգից հանելը, ավագանու նիստի ժամանակ ներկայացվեց Գյումրի համայնքի զարգացման 5-ամյա ծրագիրը։

 

Ծրագրի համաձայն՝ 2025–2029 թվականների ընթացքում Գյումրի զարգացման հիմնական ուղղությունները լինելու են համայնքային կառավարման համակարգում թվային տեխնոլոգիաների կիրառումը, ժողովրդավարության սկզբունքների ամրապնդումը, փողոցների, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների արդիականացումը, բնակարանային խնդիրների լուծման շարունակական քաղաքականության իրականացումը, տնտեսական ակտիվության խթանումը՝ նոր ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմամբ, սոցիալական ծառայությունների և հանրային ռեսուրսների ավելի լայն հասանելիությունը, կրթական, մշակութային, մարզական և առողջապահական համակարգերի զարգացման նոր փուլը, բնապահպանական կայունության ապահովումը և աղետների ռիսկերի նվազեցումը՝ մինչև դրանց վերացումը, ինչպես միջազգային համագործակցությունների ընդլայնումը։

Գյումրիում առաջիկա հինգ տարիներին նախատեսվող կամ շարունակվելիք ծրագրերից են՝ Աճեմյան փողոց N 2 հասցեի «Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցումը, Լիսինյան փողոց N 15 հասցեի բազմաբնակարան շենքի վերակառուցումը, Մհեր Մկրտչյան փողոցի բարեկարգումը, Մանուշյան փողոցի շատրվանների վերակառուցումը, Իսահակյան փողոցի միջնամասի պուրակի բարեկարգումը, «Յուրի Վարդանյանի» պուրակի բարեկարգումը, Անի թաղամասում ֆուտբոլի դաշտի կառուցումը և այլն։

Քաղաքաշինական կոմիտեի պատվերով իրականացվում են նաև «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքները։

Ծրագրի ներկայացումից հետո Վարդան Ղուկասյանը նշեց, որ բաց են ցանկացած առաջարկի համար, և ծրագիրը կարող է փոփոխությունների ենթարկվել։ 

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը նշեց, որ հնգամյա ծրագրում ներառված են հիմնականում այն ծրագրերը, որոնք արդեն նախկինում հաստատված են եղել։ Շատ դեպքերում էլ ծրագրում ընդգրկված նախագծերը պատշաճ ուսումնասիրություն չեն անցել։ Օրինակ՝ «Յուրի Վարդանյանի» պուրակի բարեկարգումը այս պահին հնարավոր չէ իրականացնել, քանի որ տարածքն ունի սեփականատեր։ Նա առաջարկեց ծրագիրն ուղարկել լրամշակման։ 

Լրամշակման առաջարկ եղավ նաև «Իմ հզոր համայնք» և «Մեր քաղաքը» խմբակցությունների կողմից։  

Դիտարկումներն ու հարցերը հաշվի առնելով՝ Գյումրիի զարգացման ծրագիրը հանվեց օրակարգից և չդրվեց քվեարկության։ 

Օրակարգից հանվեց նաև դրանից բխող հաջորդ հարցը՝ Գյումրի համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին հարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում