ԱՄՆ-ն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրանում ներդրումների նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերել. Փաշինյան
3 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործունեության մեկնարկից զգացվել է ամերիկյան կողմի ակտիվ հետաքրքրությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրանում ներդրումներ իրականացնելու նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վաշինգտոնից պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Ադրբեջանի հետ բանակցությունները տեղի ունեցան ԱՄՆ-ի միջնորդությամբ և արդյոք Հայաստանը կբանակցեր, եթե նման առաջարկ լիներ Ռուսաստանի կողմից:
Փաշինյանն ընդգծեց, որ բոլոր գործընկերներին, այդ թվում ՌԴ-ին, առաջարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ներդրումներ իրականացնել:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունները կառուցվել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրումներ իրականացնելու նկատմամբ ամերիկյան ակտիվ հետաքրքրության շրջանակներում:
«Սա կարևոր նրբություն է, որովհետև մենք Ադրբեջանի հետ Աբու Դաբիում ոչ թե որոշեցինք, որ չենք կարողանում երկկողմ ձևաչափով բանակցել, այլ՝ այս պրոցեսը մի փոքր այլ նշանակություն ունի, որովհետև այն կենտրոնացած էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրումներ իրականացնելու Միացյալ Նահանգների ակտիվ ցանկության վրա: Այս նույն տարբերակը, ինչ ունենք Վաշինգտոնի բանակցությունների արդյունքում, առաջարկել ենք ՌԴ-ին, մյուս գործընկերներին և այն, որ այստեղ ենք՝ Վաշինգտոնում, պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները շատ ակտիվ էր․ նախագահ Թրամփն անձամբ էր ներգրավված, նրա թիմը՝ նույնպես: Միացյալ Նահանգների կողմից շատ ակտիվ և կենդանի ըմբռնում տեսանք տվյալ խնդրի շրջանակներում մեր արձանագրած սկզբունքների նկատմամբ, որոնք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնարար դրույթներն են: Խոսքը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքի մասին է: Այդ առանցքային պատճառով է, որ ակտիվացավ և հաջողություն գրանցեց այս ուղղությունը»,-նշեց ՀՀ վարչապետը:
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը երկու երկրների առաջորդները ստորագրել են Փոխըմբռնման հուշագրեր, որոնցից մեկը վերաբերում է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև գործընկերությանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը երեք երկրների ղեկավարները ստորագրել են հռչակագիր։