Քաղաքականություն

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հնարավոր բարձրագույն կետում են. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հնարավոր բարձրագույն կետում են. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների հարաբերությունները գտնվում են այս պահին հնարավոր բարձրագույն կետում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում նման արձանագրում կատարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ պատմական այցի շրջանակում Հայաստանն ու ԱՄՆ-ն երեք փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ 

«Դրանցից առաջինը վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Հուշագրում Միացյալ Նահանգներն արտահայտել է իր հետաքրքրվածությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրումներ անելու ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության լիարժեք հարգմամբ։ Սա կարևոր է, որովհետև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ կապված մեր փոխըմբռնման հուշագիրը գալիս է լրացնելու այն, ինչի մասին հայտարարվեց»,- նշեց Փաշինյանը։ Նա մանրամասնեց, որ խոսքը «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու» (TRIPP) մասին է, որը տեղավորվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։

«Հաջորդ փաստաթուղթը, որ նախագահ Թրամփի հետ երկկողմ ստորագրեցինք, վերաբերում է տեխնոլոգիական և արհեստական բանականության ոլորտների զարգացմանը, ինչը նույնպես ենթադրում է մեծ ներդրումներ և աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ոլորտի զարգացմանը»,- հայտարարեց վարչապետը։ Նա ուրախությամբ հայտնեց նաև, որ Միացյալ Նահանգների գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի և արհեստական բանականության զարգացման շատ մեծ ներուժ կա։ 

«Երրորդ հուշագիրը վերաբերում է էներգետիկ ոլորտում՝ հատկապես երկու ուղղություններով փոխգործակցությանը։ Դրանցից մեկը միջուկային էներգետիկայի նորագույն տոխնոլոգիաներն են, և երկրորդը՝ էլեկտրաէներգիայի կուտակիչների տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում»,- ասաց Փաշինյանը։ Նա նկատեց, որ Հայաստանն արդեն մոտ երեք ատոմակայանի չափ վերականգնվող՝ արևային էներգետիկա ունի։ «Շատ կարևոր է ունենալ լիցքավորիչների պատշաճ կարողություններ, որպեսզի արդեն դրանով հնարավոր լինի ապահովել էներգետիկ անվտանգությունը։ Եվ այսօրվա մեր փոխըմբռնման հուշագրով ԱՄՆ հետ շատ կխորացնենք գործակցությունն այդ ուղղությամբ»,- նշեց վարչապետը։

Հիշեցնելով ՀՀ կառավարության հետաքրքվածությունը մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիաներով՝ Փաշինյանը հայտարարեց, որ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթում արձանագրվել է նաև ԱՄՆ պատրաստակամությունը տեխնոլոգիաները կիսել հայկական կողմի հետ ու աշխատել այդ ուղղությամբ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում