Քաղաքականություն

Եռակողմ հռչակագիրը վստահություն է ներշնչում, որ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման գլուխ ենք բացում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Եռակողմ հռչակագիրը վստահություն է ներշնչում, որ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման գլուխ ենք բացում. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներով ստորագրված համատեղ հռչակագիրը վստահություն է ներշնչում, որ Հարավային Կովկասում բացվում է խաղաղության, բարգավաճման և տնտեսական համագործակցության գլուխ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Այսօրվա հռչակագիրը, որը ստորագրել ենք ես, Ադրբեջանի նախագահը և նախագահ Դոնալդ Թրամփը, որը նույնպես վկան է այս պատմական զարգացման, վստահություն է ներշնչում, որ մենք բացում ենք խաղաղության, բարգավաճման, անվտանգության և տնտեսական համագործակցության մի գլուխ Հարավային Կովկասում»,- գրել է Փաշինյանը։

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի տասնամյակներ տևած կոնֆլիկտն ավարտելու համար, իսկ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացումը՝ ներառյալ «Խաղաղության և բարեկեցության համար Թրամփի ուղու» բացումը, կբացի ռազմավարական տնտեսական հնարավորություններ, որոնք էլ կստեղծեն երկարաժամկետ օգուտներ։ 

ՀՀ վարչապետը պատմական է որակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը՝ շեշտելով, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն՝ որպես ռազմավարական գործընկերներ, միավորում են ջանքերն ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի համար։ 

«Ես գնահատում եմ այս հրաշալի հնարավորությունը համագործակցությունը զարգացնելու և տարածաշրջանային կապերն ամրապնդելու համար, որոնք կծառայեն մեր հզոր ժողովուրդներին»,- գրել է Փաշինյանը։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում