Անի համայնքում իրականացվում են խմելու ջրի ջրատարի անցկացման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Անի համայնքում իրականացվում են համայնքի սահմանամերձ Բագրավան բնակավայրից Անիավան, Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացման աշխատանքները։ Խմելու ջրի ջրատարի երկարությունը 6470 մ է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անիի համայնքապետարանից, ծրագրի արժեքը 48 մլն 60 հազար դրամ է։
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը շրջայց է կատարել գյուղական բնակավայրերում՝ ծանոթացել տեղում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին:
Համայնքի ղեկավարի և ոլորտի պատասխանատուների հաջորդ կանգառը Անիի Սարակապ բնակավայրում էր: Այստեղ ևս խմելու ջրի համակարգ է կառուցվում, ջրագծի երկարությունը 5867 մետր է: Ծրագրի արժեքը, համաձայն «ԳՈՑ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի, 50 մլն 676 հազար դրամ է:
Նշված բնակավայրերում ջրագծերի անցկացման նպատակով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ֆինանսական միջոցները բաշխվել են 25% համայնք, 75 % կառավարություն համամասնությամբ: