Ախուրյան համայնքում բարեկարգվում են միջբնակավայրային ճանապարհները
1 րոպեի ընթերցում

Ախուրյան համայնքի Ազատան-Արևիկ-Այգաբաց գյուղերին միացնող ճանապարհը շուտով կլինի հարթ և անցանելի։ Ընթացքի մեջ են Ազատան բնակավայրի շուրջ 10,000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման ու բարեկարգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքները կատարվում են Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկումն ապահովող կազմակերպության միջոցներով։
Համայնքապետարանից տեղեկացրին նաև, որ Ազատանի դաշտամիջյան ճանապարհները, բացի փոսալցումից և հարթեցումից, կունենան նաև փակ ջրատար համակարգ։ Համայնքի կողմից տրամադրված խողովակաշարը հնարավորություն կտա, որ տեխնիկան անխոչընդոտ անցնի հանդամաս տանող հատվածներով։