Լեհաստանի Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի պատվիրակությունը պաշտոնական այցով Արթիկում է
2 րոպեի ընթերցում

Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի պատվիրակությունը պաշտոնական այցով Արթիկ համայնքում է՝ բարեկամության և համագործակցության հուշագրի շրջանակում։ Պատվիրակությունը գլխավորում է քաղաքապետի առաջին տեղակալ Իզաբելլա Կալինովսկան։
«Արմենպրես»-ին Արթիկի համայնքապետարանից տեղեկացնում են, որ այցն իրականացվում է համայնքապետ Անան Ոսկանյանի հրավերով։ Այցը միաժամանակ պաշտոնական, մշակութային և ճանաչողական բնույթ ունի։ Պատվիրակության անդամները ծանոթանալու են Արթիկի պատմաճարտարապետական տեսարժան վայրերին, զբոսաշրջային ուղղություններին, ինչպես նաև համայնքին պատկանող կրթամշակութային հաստատությունների գործունեությանը։
Արթիկի համայնքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են կառավարման մոդելների արդյունավետության, մշակույթի, սպորտի, կրթության և քաղաքային կոմունալ տնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Իզաբելլա Կալինովսկան շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Արթիկի և Վոդզիսլավ Սլյոնսկիի բարեկամական հարաբերությունները կարող են օրինակ ծառայել այլ վարչատարածքային միավորների միջև համագործակցության համար։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել պատվիրակությանը՝ հրավերն ընդունելու և Արթիկ այցելելու համար՝ շեշտելով, որ պատրաստ են համագործակցել տարբեր ոլորտներում՝ ի շահ երկու համայնքների զարգացման։
Այցի շրջանակներում հյուրերին ընդունել է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը: «Արթիկ համայնքը շատ ինքնատիպ գեղեցկություն ունի, յուրատիպ ներուժ։ Վստահ եմ` մեր մարզից կհեռանաք միայն լավագույն տպավորություններով և համագործակցության նոր հեռանկարների նախանշումից հետո»,-հանդիպման ժամանակ նշել է Դավիթ Առուշանյանը։
Շիրակի մարզի Արթիկ համայնքի և Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի միջև 2017 թվականի օգոստոսի 21-ին կնքվել է համագործակցության հուշագիր, որից հետո եղել են փոխադարձ այցելություններ։