Podcast. Գեղարվեստական տպագրության 5-րդ բիենալեն՝ ոլորտի զարգացման լավագույն հարթակ. այն կմեկնարկի սեպտեմբերին

6 րոպեի ընթերցում

«ՀայրԱրտ» կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ին Երևանում կմեկնարկի «Գեղարվեստական տպագրության 5-րդ միջազգային բիենալե»-ն, որի շրջանակում կկազմակերպվեն ցուցադրություններ, վարպետության դասեր, համաժողովներ և այլ ուշագրավ նախաձեռնություններ։

Բիենալեն տեսակով, բովանդակությամբ և հետապնդող խնդիրներով բացառիկ է ողջ տարածաշրջանում: Հիմնական նպատակներն են գեղարվեստական տպագրության ոլորտում ներկա զարգացումների, միտումների ուսումնասիրությունը, դասական՝ այսօր հազվադեպ հանդիպող տեխնիկաներն ու արդի գաղափարները համադրելու միջոցների դիտարկումը, արվեստի այլ բնագավառների հետ հնարավոր փոխհարաբերման ներուժի բացահայտումը, տեղական մշակութային դաշտում կերպարվեստի այս շառավղի նկատմամբ հետաքրքրության մեծացումը: Այդ նկատառումներից ելնելով՝ բիենալեի կազմկոմիտեն զերծ է մնում թեմատիկ, տեխնիկական, չափային սահմանափակումներից և հնարավորինս ազատ պայմաններ առաջարկում հեղինակներին:

Սպասված միջոցառման մասին «Արմենպրես»-ի թղթակիցը փոդքասթի ձևաչափով զրուցել է «ՀայԱրտ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալե»-ի հիմնադիր, «Մշակութային երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանի հետ։

«Բիենալե բառն ասոցացվում է Վենետիկի հետ։ Վենետիկի բիենալեն մեծ համբավ ունի։ Այն տասնամյակներ շարունակ իրականացնում են կառավարությունն ու քաղաքային իշխանությունները։ Հայաստանի համար նշանակալի փաստ է, որ մեր երկիրը միջազգային արվեստի  դաշտ մուտք գործելու հայտ է ներկայացնում և հանդես է գալիս այս լայնածավալ նախաձեռնությամբ»,-նշում է նա։

Հարությունյանի խոսքով՝ գեղարվեստական տպագրությունը շատ զարգացած է եղել խորհրդային տարիներին, երբ պետությունն այնքան ինքնաբավ է եղել, որ  կարողացել է հաստոցներով, անհրաժեշտ նյութերով ապահովել արվեստագետներին։

«Խորհրդային Միության փլուզումից հետո ոլորտի վիճակը մի փոքր դժվարացել է։ Մենք փորձեցինք վերակենդանացնել բնագավառն ու Հայաստան բերել միջազգային լայն ճանաչում վայելող արվեստագետների և փորձագետների, որպեսզի հայ արվեստագետները կարողանան բիենալեի շրջանակում տեղեկանալ, թե ինչպես է աշխարհում զարգանում գեղարվեստական տպագրությունը։ Մշտադիտարկման ընթացքում փաստել ենք, որ տարեցտարի հայ արվեստագետների մասնակցությունը բիենալեին ավելանում է։ Հոբելյանական բիենալեին մասնակիցների թվով Հայաստանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Դա մեծ ձեռքբերում է։ Առաջին բիենալեի ժամանակ Հայաստանը մասնակից արվեստագետների առաջին հնգյակում չկար։ Սա նաև պայմանավորված է նրանով, որ արվեստագետները զգում են իրենց կարևորությունն ու աշխատանքի ներգրավվածությունը միջազգային լայնածավալ ծրագրում»,-շեշտում է Սոնա Հարությունյանն ու հավելում՝ բիենալեին հրավիրում են փայտափորագրության, լինոփորագրության, վիմագրության, քարի վրա տպագրության, մետաքսագործության, օֆորտի և այլ վարպետների։ Այդ տեխնիկաներից շատերը կիրառական առումով Հայաստանում ճանաչելի չեն։ 

Հարությունյանը հավաստիացնում է՝ Հայաստանում գեղավեստական տպագրության ոլորտում մեծ ներուժ կա, սակայն նյութական բազան, արվեստանոցների տեխնիկական հագեցվածությունը, հաստոցների բացակայությունը խնդիր է։ «Յուրաքանչյուր եվրոպական քաղաքում գոյություն ունի գեղարվեստական տպագրության քաղաքային արվեստանոց։ 2017-ից հետամուտ ենք եղել Հայաստանում նման արվեստանոցի ստեղծմանը, սակայն դեռ խոսուն փաստեր չկան։  Մեր արվեստագետներին միայն պայմաններն են պակասում»,-ընդգծում է բիենալեի հիմնադիրն ու տեղեկացնում՝ գեղարվեստական տպագրությունը շատ տարածված  է Նորվեգիայում, Դանիայում, Ֆինլանդիայում։ 

Բիենալեն, որը տևելու է սեպտեմբերից մինչև դեկտեմբեր, անցկացվելու է «ՀայԱրտ» կենտրոնում։ 

Հինգերորդ բիենալեի միջազգային ժյուրիի կազմում են Թրուդե Գոմնես Ուգելստադը (Նորվեգիա), որը Կրակովի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկական արվեստների պրոֆեսոր է, Կրակովի 9-րդ միջազգային տրիենալեի խորհրդի անդամ, դոկտոր Մաթեուշ Օտրեբան (Լեհաստան)։ Նա Queen Sonja Print Award-ի տնօրենն է և «Թագուհի Սոնյա արվեստի հիմնադրամ»-ի ղեկավարը, Ախիմ Քոննեկենը (Գերմանիա), որը մշակութային ոլորտում ռազմավարության զարգացման և փոխակերպում իրականացնելու խորհրդատու է, հեղինակ և համադրող է, Ժան-Պիեր Տանգին (Ֆրանսիա)։ Նա նկարիչ, փորագրանկարիչ և մոզաիկիստ է, Սարսելլեսի գեղարվեստական տպագրության բիենալեի կուրատորն է, Սվենդ-Ալլան Սյուրենսենը (Դանիա), որը նկարիչ, փորագրանկարիչ է, Ահմադ Վակիլին (Իրան), որը ևս նկարիչ և փորագրանկարիչ է։ Ժյուրիի կազմում է նաև Սոնա Հարությունյանը։

Բիենալեն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան