Աշխարհ

Ուկրաինային անհրաժեշտ է 65 միլիարդ դոլար գտնել 2026 թվականի համար. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Ուկրաինային անհրաժեշտ է 65 միլիարդ դոլար գտնել 2026 թվականի համար. Զելենսկի

Հաջորդ տարի Ուկրաինային անհրաժեշտ է գտնել 65 միլիարդ դոլար. 40 միլիարդ դոլարը դեֆիցիտն է, իսկ 25 միլիարդ դոլարն՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար, հուլիսի 24-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «Ստրանա» պարբերականը։

«Հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, այս ուղղությունը՝ 25 միլիարդ դոլար։ Դա արդեն 65 է, եթե փակենք այս ամենը։ Ես սկսել եմ աշխատել դրա վրա։ Շատ դժվար թեմա է, բայց ես արդեն սկսել եմ», - հայտարարել է նախագահը և թվարկել Եվրոպայի երկրների ու կառույցների ղեկավարներին, որոնցից գումար է խնդրել։

Նա նաև ակնարկել է, որ Արևմուտքից գումար է խնդրում Ուկրաինայի զինված ուժերի զինվորականների աշխատավարձերի համար։

«Նախկինում եվրոպացիները հրաժարվում էին գումար տալ մեր զինվորականների աշխատավարձերի համար, այլ միայն զենքի համար։ Բայց այնպես է ստացվում, որ մեր զինվորականները կարող են լինել հենց այդ զենքը, որը պաշտպանում է բոլորին», - ասել է Զելենսկին։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն ինքն է բարձրացնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման թեման։

«Մենք միշտ բացահայտորեն բարձրացնում ենք ղեկավարների մակարդակով հանդիպման հարցը։ Եվ այժմ նրանք իրենք են սկսել խոսել այդ մասին մեզ հետ շփվելիս։ Սա արդեն կարելի է համարել քայլ դեպի նման հանդիպման հնարավոր ձևաչափ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում