Միացյալ Նահանգներ

Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են անցկացրել 25 տարվա ընթացքում առաջին անգամ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են անցկացրել 25 տարվա ընթացքում առաջին անգամ

Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը և Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ասադ աշ-Շեյբանին Փարիզում բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Axios-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ կազմակերպված հանդիպումը Իսրայելի և Սիրիայի միջև ամենաբարձր մակարդակի առաջին պաշտոնական հանդիպումն էր ավելի քան 25 տարվա ընթացքում։

«Իսրայելի և Սիրիայի բարձրաստիճան նախարարները հուլիսի 24-ին չորս ժամ տևողությամբ հանդիպում են անցկացրել Փարիզում՝ նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Թոմ Բարաքի հովանու ներքո, և քննարկել երկրների միջև լարվածության թուլացման հարցը», - X-ում գրառում է կատարել Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։

Հանդիպման մասին հայտնել է նաև Թոմ Բարաքը։

«Ես այսօր երեկոյան Փարիզում հանդիպեցի սիրիացիների և իսրայելցիների հետ։ Մեր նպատակը երկխոսությունն ու լարվածության թուլացումն էր, և մենք հենց դրան էլ հասանք։ Բոլոր կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ շարունակելու այս ջանքերը», - գրել է Թոմ Բարաքը X-ում։

Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ գագաթնաժողովի նպատակն էր համաձայնության հասնել Սիրիայի հարավի անվտանգության առնչությամբ՝ Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարը պահպանելու և նախորդ շաբաթվա նման ճգնաժամը կանխելու համար։

Վերջին անգամ նմանատիպ բարձր մակարդակի հանդիպում տեղի էր ունեցել 2000 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Շեփերդսթաունում հյուրընկալել էր Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքին և Սիրիայի արտգործնախարար Ֆարուկ աշ-Շարաային՝ երկրների միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերի շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում