Մշակույթի զարգացման հիմնադրամն ամփոփեց գործունեության ավելի քան մեկ տարին և շնորհակալագրեր հանձնեց գործընկերներին

5 րոպեի ընթերցում

Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը համագործակցում է Հայաստանի  քսան թանգարանի հետ, ամփոփեց գործունեության ավելի քան մեկ տարին և շնորհակալագրեր հանձնեց այն լրատվամիջոցներին, որոնք լուսաբանել են թանգարանների գործունեությունն ու նպաստել դրանց հանրահռչակմանը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը, որն անցկացվեց հուլիսի 23-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, շնորհակալագիր տրվեց նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը:

Մշակույթի զարգացման հիմնադրամի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանը հիշեցրեց, որ հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարի ՀՀ կառավարության կողմից; «Այն իրականացնում է 20 և ավելի թանգարանների հետ տարբեր աշխատանքներ: Շուտով հիմնադրամին կմիանան Հայաստանի բոլոր թանգարանները: Հիմնադրամն իրականացնում է թանգարանների հանրահռչակման, մարքեթինգի, հաշվապահական և այլ հարցերի վերաբերյալ գործառույթներ: Մեր աշխատանքի՝ PR, SMM, մարքեթինգային ռազմավարության արդյունքում «Թանգարանային գիշեր»-ի այցելուների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 100 հազարով»,-տեղեկացրեց Գրիգորյանը: 

Նա հայտնեց, որ հիմնադրամի իրականացրած կարևոր նախագծերից  են եղել «Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունը և մարքեթինգային արշավը, որն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու, Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը, Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառին Հայաստանի մասնակցությունը, «Տարեհաց» խորագրով ամանորյա ուտեստների տոնավաճառի կազմակերպումը Երևանում և այլն:

Հիմնադրամն առաջիկայում նախատեսում է համագործակցել Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի և Ազգային դիմանկարների պատկերասրահի հետ՝ երկու խոշոր միջազգային ցուցահանդեսների մշակման նպատակով: Նախագծերից մեկը նվիրվելու է Հովնաթանյան ընտանիքի արվեստին՝ ընդգծելով նրանց պատմական և գեղարվեստական ժառանգությունը: Հիմնադրամն աշխատում է նաև պատմական վայրերն արդիականացնելու, այդ տարածքներում երաժշտական և այլ փառատոններ կազմակերպելու ուղղությամբ:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը կարևորեց համագործակցությունը  Մշակույթի  զարգացման հիմնադրամի հետ՝ շեշտելով, որ փոխգործակցության արդյունքում Իսահակյանի 150-ամյակի շրջանակում հոբելյանական տարբերանշան ունեն: «Տարբերանշանի համար առանձնացվել է  Իսահակյանի այն նկարը, որի հեղինակը գերմանացի նկարիչ Օտաման Բեգասն է:  Յուրահատուկ տարբերանշան է ստացվել: Քննարկումների ընթացքում եկանք այն եզրակացության, որ Իսահակյանին հարկավոր է նոր շնչով, ոճով և ժամանակակից մարդուն առավել հասանելի ներկայացնել: Ըստ իս՝ հիմնադրամի հետ համատեղ մեզ հաջողվել է ստանալ այնպիսի տարբերանշան և թեմատիկ նյութ, որը պատասխանում է այն հարցերին, որոնք հնչեցնում են ժամանակակից մարդիկ»,-շեշտեց Ավետիսյանը: 

Նա անդրադարձավ նաև վարպետի հոբելյանին նվիրված ցուցադրությանը, որը բացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Ցուցադրության կազմակերպման գործում դերակատարություն է ունեցել նաև հիմնադրամը: «Ցուցադրությունը կոչվում է «Իսահակյանի ոդիսականը», որտեղ մենք պատմում ենք վարպետի՝ տարբեր երկրներ ճամփորդությունների մասին, երբ նա ստիպված հեռացել էր հայրենիքից, սակայն հայացքը դեպի Հայաստան էր: Ցուցադրության առանցքում Իսահակյանն է, Արագած լեռն է: Անգամ Փարիզում ստեղծագործելիս նա երազել է լինել Արագածի փեշին: Քարտեզի միջոցով ցուցադրված են այն երկրները, որտեղ եղել է Իսահակյանը, իսկ սրահի մուգ կապույտ գույնն ընտրվել է Մարտիրոս Սարյանի՝  հատուկ Իսահակյանի տուն-թանգարանի բացման համար ստեղծած «Արագած» կտավի գույնին համապատասխան»,-տեղեկացրեց Ավետիսյանն ու հավելեց՝ ցուցադրության տեքստերի, լուսանկարների մշակման հարցում իրենց աջակցում է հիմնադրամը:

Միջոցառման ավարտին բոլորին անակնկալ էր սպասվում: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները արվեստասերներին յուրովի մեկնաբանությամբ ներկայացրին Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի համանուն բեմադրությունը: 

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան