Ֆրանսիան Ուկրաինային կոչ է արել չեղարկել հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ որոշումը

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիան կիսում է Եվրոպական հանձնաժողովի մտահոգություններն Ուկրաինայում ընդունված օրենքի վերաբերյալ, որը փաստացի վերացնում է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության անկախությունը, և ակնկալում է, որ Կիևը կվերանայի այս որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆրանսիական Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բենիամին Հադադը։

«Ես կիսում եմ Եվրոպական հանձնաժողովի կարծիքը, որը երեկ հայտարարել է, որ խորապես մտահոգված է այս որոշմամբ: Իհարկե, դեռ ուշ չէ, որ ուկրաինացիները վերանայեն իրենց որոշումը: Երբ դու Եվրամիությանը միանալու թեկնածու ես, պարտավոր ես պայքարել կոռուպցիայի դեմ, պահպանել օրենքի գերակայությունը, հարգել փոքրամասնություններին, քաղաքական ընդդիմությանը և դատական համակարգի անկախությունը: Հետևաբար, մենք չափազանց զգոն կլինենք այս հարցում», - ասել է նա։ 

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն արդեն բարձրացրել է այս հարցը իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ զրույցի ժամանակ: 

The Independent-ի տեղեկացմամբ՝ մի քանի օրենսդիրներ, որոնց անունները չեն նշվում, հայտնել են, որ ընդունված փոփոխությունները նախագահի կողմից նշանակված գլխավոր դատախազին հնարավորություն են տալիս խիստ վերահսկողության սահմանել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության նկատմամբ։ 

Հադադը նաև նշել է, որ Փարիզը շարունակում է երկխոսությունը Կիևի հետ այս թեմայի շուրջ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրինագիծ է ստորագրել, որն ըստ քննադատների՝ թուլացնում է երկրի հակակոռուպցիոն մարմինների անկախությունը։ Օրինագծի ստորագրումը երկրում  ցույցերի, ինչպես նաև միջազգային քննադատության առիթ է դարձել։

Տեսաուղերձում Զելենսկին հայտարարել է, որ հակակոռուպցիոն ենթակառուցվածքը կաշխատի, պարզապես «առանց ռուսական ազդեցության»։ 

Օրենքի ընդունումը քննադատել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։ Բացի այդ, Մեծ յոթնյակի երկրների դեսպանները հայտնել են, որ կցանկանային Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել հակակոռուպցիոն մարմինների վրա ճնշումը։

Աշխարհ

Հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ Զելենսկիի ստորագրած օրինագիծն առիթ է դարձել ցույցերի և ԵՄ-ի դժգոհության

Հայերեն Русский