Աշխարհ

Ֆրանսիայում արձագանքել են հրապարակումներին, թե Փարիզը չի ցանկանում ամերիկյան զենք գնել Կիևի համար

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում արձագանքել են հրապարակումներին, թե Փարիզը չի ցանկանում ամերիկյան զենք գնել Կիևի համար

Ֆրանսիան կշարունակի աջակցել Ուկրաինային, բայց առավելագույն նախապատվություն կտա եվրոպական զենքի գնմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության մամուլի քարտուղար Սոֆի Պրիմասը։

Ճեպազրույցի ժամանակ խոսնակը նշել է, որ Ֆրանսիան կաջակցի Ուկրաինային ինչպես հիմա, երբ այն զենքի կարիք ունի, այնպես էլ ապագայում՝ փորձելով նպաստել հրադադարի պայմանների ստեղծմանը։

«Ես չգիտեմ այս գործընթացի (խմբ.՝ Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու նախաձեռնության) ճշգրիտ մեխանիզմը, բայց ակնհայտ է, որ մենք գործում ենք զենքի հարցում աջակցության շրջանակներում՝ այսպես թե այնպես եվրոպական զենքի գնումներին առավելագույն առավելություն տալով։ Սա, ըստ էության, այն հստակ դիրքորոշումն է, որը պաշտպանում է Ֆրանսիան», - ասել է նա։

Գերմանիան առաջարկել է մի նախաձեռնություն, որը նախատեսում է եվրոպական երկրների կողմից Ուկրաինայի զինված ուժերի համար ամերիկյան զենքի գնում։ Սակայն Ֆրանսիան, ըստ լրատվամիջոցների, որոշել է չմիանալ դրան, քանի որ նախատեսում է ավելացնել սեփական պաշտպանական ծախսերը՝ փորձելով կրճատել բյուջեն և զսպել իր դեֆիցիտը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղուց է առաջ մղում այն գաղափարը, որ Եվրամիության անդամ երկրները պետք է զարգացնեն իրենց սեփական արտադրությունը և գնեն եվրոպական զենք։

Բացի այդ, Հունգարիան նույնպես հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի համար ամերիկյան զենքի համատեղ ֆինանսավորմանը։

Ավելի վաղ POLITICO-ն, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ֆրանսիան չի պլանավորում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված սխեմային, որի համաձայն եվրոպական երկրները ամերիկյան զենք կգնեն Ուկրաինայի համար: Իտալիան նույնպես չի միանա նախաձեռնությանը, գրել էր La Stampa-ն: Ավելի վաղ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան նույնպես հայտարարել էր, որ Չեխիան չի մասնակցի այս սխեմային:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում