Գեղարքունիքի մարզում ընթանում է վոլեյբոլի առաջնություն
2 րոպեի ընթերցում

Հուլիսի 11-ից Գեղարքունիքի մարզի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սիրողական թիմերի միջև ընթանում է վոլեյբոլի առաջնություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 8 թիմ, որոնք վիճակահանությամբ բաժանվել են երկու ենթախմբի։
Առաջին ենթախմբում ընդգրկված են Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի համայնքապետարանների և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի, երկրորդ ենթախմբում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, Գեղարքունիքի մարզային դատարանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության թիմերը։
Մրցաշարի առաջին խաղում, որը կայացել է Մարտունի համայնքի Ծովինարի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, ուժերը չափել են Վարդենիսի և Ճամբարակի համայնքապետարանների թիմերը։ Հաղթանակը 2։1 հաշվով տոնել է Ճամբարակի թիմը։
Երկրորդ խաղում մրցել են Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը։ Խաղն ավարտվել է բանակային կորպուսի թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Երրորդ հանդիպումը կայացել է Մարտունու և Ճամբարակի համայնքապետարանների թիմերի միջև։ Այս անգամ ևս 2։0 հաշվով հաղթել է Ճամբարակի համայնքապետարանի թիմը։
Առաջին ենթախմբի թիմերի միջև մնացած հանդիպումները շարունակվել են հուլիսի 12-ին՝ նույն վայրում։ Բանակային երկրորդ կորպուսի թիմը 2։0 հաշվով հաղթել է Վարդենիսի համայնքապետարանի թիմին ու նույն հաշվով էլ պարտվել Ճամբարակի համայնքապետարանին։ Իսկ Վարդենիսի համայնքապետարանի թիմը 2։0 հաշվով հաղթել է Մարտունու համայնքապետարանի թիմին։
Երկրորդ ենթախմբում ընդգրկված թիմերի մրցամարտերը կկայանան այս շաբաթվա ընթացքում։
Յուրաքանչյուր ենթախմբից առաջին և երկրորդ տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան պայքարելու մրցանակային տեղերի համար։