«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային ծրագիրը ներկայացվեց Գյումրիում
4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը հուլիսի 11-ին Գյումրիի Թատերական հրապարակում ներկայացրեց «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային ծրագիրը։
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, «Ֆրանսիական ռիթմեր» ծրագրի նպատակն է խթանել մշակութային համագործակցությունը և նպաստել ստեղծագործական ոլորտների զարգացմանը՝ ձևավորելով նոր հարթակներ, որոնք միավորում են արվեստի և նորաձևության ոլորտի մասնագետներին։ Նախքան Գյումրիում ներկայացվելը, ծրագիրը ցուցադրվել է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։
Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված այս նորարարական նախագիծը ստեղծվել է հայ նկարիչներ Լիլիթ Մելիքյանի և Քրիստինա Մկրտչյանի կողմից։ Նրանց ստեղծած ֆուտուրիստական հագուստներում համադրվում են արվեստն ու նորաձևությունը՝ միահյուսելով ֆրանսիական մշակույթի նրբերանգներն ու ժամանակակից հայկական ոճաբանությունը։
Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հավաքածուն ստեղծվել է Տերյան մշակութային կենտրոնի և Ֆրանսիայում բնակվող Քրիստինա Մկրտչյանի համագործակցությամբ, որը հագուստների վրա պատկերել է Ազնավուրից ներշնչված մոտիվներ։ «Հայ-ֆրանսիական հավաքածուն ստեղծելու և այն տարբեր երկրներում ցուցադրելու հնարավորություն ստացանք Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Մենք որոշեցինք գյումրեցիներին անակնկալ մատուցել՝ ցուցադրության երկրորդ մասում ներկայացնելով ազգային տարազներ, քանի որ Տերյան մշակութային կենտրոնը հայտնի է իր տարազներով։ Մենք ցանկանում ենք Գյումրիին տոն պարգևել»,-նշեց Լիլիթ Մելիքյանը՝ տեղեկացնելով, որ ցուցադրությունը ներկայացվել է «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելների կողմից։
Միջոցառումը մեկնարկեց ժամանակակից հագուստի ցուցադրությամբ։ Ազնավուրի երաժշտության ներքո ներկայացվող հագուստները ոգեշնչված էին Ֆրանսիայով, սակայն ցուցադրությունն այսքանով չավարտվեց. առաջին անգամ ներկայացվեց նաև ազգային հագուստի ցուցադրություն՝ ընդգծելով հայ նորաձևության ժառանգական շերտերն ու դրանց ժամանակակից մեկնաբանությունները։ Ընդհանուր ներկայացվեց 21 հագուստ: Միջոցառման հատուկ հյուրն էր նաև «Ֆոլկաստիկ» բենդը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ այսուհետ բոլոր մշակութային ծրագրերը ունենալու են նաև մարզային բաղադրիչ, ինչպես օրինակ՝ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը, որը Ֆրանսիայում ներկայացվելուց հետո ցուցադրվում է նաև Գյումրիում։ «Մեզ համար շատ կարևոր է մշակույթի ապակենտրոնացումը մեր բոլոր գյուղերում և քաղաքներում։ Այս ծրագիրը Տերյան մշակութային կենտրոնի հերթական հետաքրքիր նախաձեռնությունն է՝ ոգեշնչված Ազնավուրով։ Ցուցադրությունը, միավորելով հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը, արտահայտում է ֆրանսիական մշակութային մոտեցումները՝ միաժամանակ ընդգծելով ժամանակակից հայկական ոճաբանության ինքնատիպ լուծումները։ Կարծում եմ Գյումրիում այն ներկայացվում է բավական հետաքրքիր մոտեցմամբ՝ միավորելով մշակույթը, արհեստն ու արվեստը: Ցուցադրությունը նոր հարթակ է հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության համար։ Այս նախագիծը պարզապես նորաձևության ցուցադրություն չէ. այն արվեստի, ոճի, երաժշտության և մշակութային երկխոսության հզոր օրինակ է՝ նվիրված Ազնավուրի հիշատակին»,– նշեց Դանիել Դանիելյանը։
Հավաքածուն առաջիկայում կներկայացվի նաև Չեխիայում և Վրաստանում։