Մարմաշենի խմելու նոր ջրագիծը պատրաստ է շահագործման
2 րոպեի ընթերցում

Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվել է խմելու ջրի նոր ջրագիծ։ 314 միլիոն դրամ արժողությամբ ծրագրով անցկացվել է 11 կմ երկարությամբ պլաստիկե ջրատար խողովակաշար, որն ապահովելու է մաքուր ջրի մատակարարում գյուղի շուրջ 300 տնտեսության։
Ծրագրի ֆինանսավորման 70 տոկոսը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից, իսկ մնացած 30 տոկոսը՝ համայնքի բյուջեից։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, մինչ այդ Մարմաշենի խմելու ջրի խողովակաշարը պատրաստված էր ազբեստից, ինչը հակասում է առողջապահական նորմերին։
«Ախուրյանի համայնքապետարանը հոգացել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների ներտնային միացման ծախսերը։ Ծրագիրն ավարտված է, համայնքն իր գործը կատարել է, մնում է, որ ջրամատակարարող կազմակերպությունը միացնի համակարգը, և մաքուր ջուրը պատրաստ կլինի օգտագործման»,-նշել են համայնքապետարանից։
Համայնքի մեկ այլ բնակավայրում՝ Արևիկում, ընթացքի մեջ են տնամերձ հողատարածքների ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքները։ Ախուրյանի համայնքային բյուջեի միջոցներով բնակավայրի երկու թաղամասերում քայքայված բետոնե կիսատաշտակները փոխարինվում են մետաղյա փակ խողովակներով, ինչի շնորհիվ ջրամատակարարումը կդառնա անխափան, իսկ ջրի կորուստը՝ նվազագույն։