Մարզեր

Շիրակի մարզում մեծ թափով ընթանում են դպրոցաշինական աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում մեծ թափով ընթանում են դպրոցաշինական աշխատանքներ

Շիրակի մարզում ընթացքի մեջ են 12 դպրոցի կառուցման աշխատանքները՝ 19 մլրդ 436 մլն 459 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Ինչպես «Արմենպրես»-ը  տեղեկանում է Շիրակի մարզպետարանից, բոլոր դպրոցների աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, բացի Բերդաշենի դպրոցից, որի շինաշխատանքների պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է։

Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստի ժամանակ   մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Էմիլ Պետրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում են Քեթիի, Բյուրակնի, Բավրայի, Հայրենյացի, Գետափի կրթահամալիրների, Սարատակի, Ամասիայի, Ջրափիի, Մայիսյանի, Շիրակավանի, Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցների հիմքից կառուցման աշխատանքները։ 

Հիմնադրամի պատվիրատվությամբ ընթացքի մեջ են 9 դպրոցի վերանորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 2 մլրդ 18 մլն 634 հազար դրամ արժեքով։ 2025 թվականին կվերանորոգվի ևս 18 դպրոց։

Արդեն մեկնարկել են Մարալիկ բնակավայրի 150 սանի  և Քարաբերդ բնակավայրի 50 սանի համար նախատեսված մանկապարտեզների կառուցման շինարարական աշխատանքները։ 

Աննախադեպ շինարարական աշխատանքերին զուգահեռ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորեց վերահսկողությունը: «Ծավալներով աննախադեպ շինարարական այս տարին մեզ համար կարևոր է վերահսկողության առումով, պետական հսկայական միջոցներ են ուղղվում մարզ, պետք է դրանց նպատակային օգտագործման համար բոլորիս ջանքերը միավորենք։ Շիրակի մարզպետի աշխատակազմը հետևողական է լինելու և պարտավորված է շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու։ Մեզ համար կարևորը որակով և ժամկետներում արված աշխատանքն է»,-նշեց Դավիթ Առուշանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում