Մարզեր

Գյումրին հրաժեշտ տվեց իր պատվավոր քաղաքացուն՝ Դոնարա Հարությունյանին

2 րոպեի ընթերցում

Գյումրին հրաժեշտ տվեց իր պատվավոր քաղաքացուն՝ Դոնարա Հարությունյանին

Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հուլիսի 5-ի երեկոյան տեղի ունեցավ հրաժեշտի արարողություն՝ Գյումրու պատվավոր քաղաքացի, Լենինականի նախկին ղեկավար Դոնարա Ասքանազի Հարությունյանի հիշատակին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դոնարա Հարությունյանը ընդամենը 28 տարեկանում ընտրվել էր Լենինականի կոմկուսի քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար, իսկ ավելի ուշ՝ շուրջ ինը տարի զբաղեցրել էր առաջին քարտուղարի պաշտոնը։ Ընդհանուր առմամբ, նա 35 տարի նվիրել է հայրենի քաղաքին ու նրա կառավարմանը։

Նրա ղեկավարության տարիներին Լենինականը ծաղկել է՝ դառնալով արդյունաբերական կենտրոն։ Քաղաքում գործել է 40 ձեռնարկություն, «Լենինական» մակնշմամբ թողարկվել է շուրջ 50 արտադրատեսակ։

Լենինականցիները Դոնարա Հարությունյանին հիշում են որպես խիստ, բայց արդար, կազմակերպված, իմաստուն ու բացառիկ ղեկավարի։ Նրա մասին հաճախ ասում էին՝ «դասական ղեկավարի օրինակ»։

Խորհրդային տարիներին նա երկու անգամ արժանացել է «Կարմիր դրոշի» շքանշանի, իսկ  Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարելիցի կապակցությամբ, երկարամյա եւ բարեխիղճ պետական-հասարակական գործունեության համար Դոնարա Հարությունյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալի։

1988 թվականից Դոնարա Հարությունյանը տեղափոխվել էր Երևան, որտեղ զբաղվել է դասախոսությամբ, սակայն կապը հարազատ քաղաքի հետ երբեք չէր ընդհատվում։ 2001 թվականին նա ճանաչվել է Գյումրու պատվավոր քաղաքացի։ Գյումրեցիներն նրան սիրով անվանում էին «Շիրակի դուստր» կամ «Շիրակի երկաթե լեդի»։

Դոնարա Ասքանազի Հարությունյանը վախճանվել է 93 տարեկան հասակում՝ թողնելով մի խոր հարգանքի և երախտագիտության արժանի ժառանգություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում