Արարատ, Էջմիածին. ԼՂ-ից բռնի տեղահանվածները յուրաքանչյուր անձի համար 4 մլն դրամ սահմանաչափով ո՞ր բնակավայրում կարող են տուն ձեռք բերել
6 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում անցկացվել են լայնածավալ փոփոխություններ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ փոփոխություններն տարբեր ուղղություններով են։
2025 թվականի հուլիսի 1-ից ծրագիրը հասանելի է բոլոր թիրախային խմբերի համար։
«Նախորդիվ ծրագիրը նախատեսված էր իրականացնել 3 փուլով, որից առաջինը մեկնարկել էլ 2024 թվականի հունիսի 15-ին, 2-րդը նախատեսվում էր 2025 թվականի հուլիսի 1-ին, իսկ 3-րդը 2026 թվականի հուլիսի 1-ին։ Դիմելիության տեմպերը հաշվի առնելով՝ որոշում կայացվեց, որ ծրագիրը բոլոր թիրախային խմբերի համար մեկնարկի 2025 թվականի հուլիսի 1-ից»,-ասաց Գայանե Ղարագյուզյանը։
Այսինքն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր այն անձինք, ովքեր ծրագրի պարտադիր պայմաններին համապատասխանում են` անկախ նրանից՝ ընտանիքը ինչ կազմ ունի, ընտանիքի անդամները թվով քանիսն են, արդյոք ընտանիքի անդամների կազմում կան երեխաներ, թե ոչ, կարող են դիմել։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը։
Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։ Ծրագրի շրջանակում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով աջակցությունը կազմում է 3, 4 կամ 5 մլն դրամ՝ կախված բնակավայրից, որտեղ շահառուն գնում կամ կառուցում է տուն։
«Մենք ունենք 252 բնակավայր, որի դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով աջակցությունը 5 մլն դրամ է։ Դրանց թվում 82 սահմանամերձ բնակավայրերն են, և այն համայնքները, որոնք կառավարության կողմից արտոնյալ են։ Երևանը և երևանամերձ որոշ խոշորացված համայնքներ շարունակում են մնալ 3 մլն դրամ սահմանաչափում, մնացած բոլոր բնակավայրերը համապատասխանեցվել 4 մլն դրամի սահմանաչափին։ Օրինակ, կարող եմ նշել Արարատը, Չարենցավանը, Ծաղկաձորը, Էջմիածինը և այլն»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։
Այն ընտանիքները, որոնք արդեն իրացրել են իրենց հավաստագրերն այն բնակավայրերում, որտեղ իրացման պահին աջակցության չափը յուրաքանչյուր անձի համար եղել է 3 մլն դրամ, միևնույն է փոփոխությունը վերաբերում է նաև իրենց։ Դա նշանակում է, որ գումարի տարբերությունը կդիտարկվի դրական մնացորդ։
Հաստատվել է նաև դրական մնացորդի իրացման կարգը։
Երբ ընտանիքը գույքը ձեռք է բերում կամ կառուցում է ավելի պակաս արժեքով, քան հասանելիք աջակցությունն է, ձևավորվում է դրական մնացորդ։
«Դրական մնացորդով մեր հայրենակիցները կարող են ինչպես իրենց տունը վերանորոգել, գյուղատնտեսական նշանակության հող ձեռք բերել, այնպես էլ տան համար գույք կամ տեխնիկա գնել։ Շուտով կհաստատվի կահույքի ու կենցաղային տեխնիկայի ցանկը, որի համապատասխան էլ կարող են քաղաքացիները ընտրել։ Գնում են խանութ, ընտրում են տեխնիկան, ներկայացնում են հաշիվ-ապրանքագիր։ Միասնական սոցիալական ծառայությունը գումարը փոխանցում է վաճառող խանութի բանկային հաշվին»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։
Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով։
Դիմելու համար անհրաժեշտ է հանձնաժողովի նախագահին գրավոր կարգով ներկայացնել դիմում-բողոք մերժումը ստանալուց հետո՝ 2-ամսյա ժամկետում։ Դիմում-բողոքներն ընդունվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից․ հանձնաժողովն ուսումնասիրելու է բացառապես բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին առնչվող դեպքերը։
Անհատական բնակելի տների կառուցման դեպքում՝ շինարարական աշխատանքները կարող են իրականացվել նաև ֆիզիկական անձանց կողմից։
Նախորդ կարգավորմամբ պարտադիր էր, որ տուն կառուցելու պարագայում շինարարությունն իրականացվի իրավաբանական անձի կողմից, ապա այժմ թույլատրվում է, որ այդ աշխատանքները կատարեն ֆիզիկական անձինք ևս։
«Այդ դեպքում տները պետք է կառուցվեն Քաղաքաշինության կոմիտեի կողմից նախապես հաստատված տիպային նախագծերի հիման վրա։ Արդեն 18 այդպիսի նախագիծ կա, որից կարող են օգտվել մեր շահառուները։ Եթե ամեն դեպքում մեր հայրենակիցները կցանկանան ներկայացնել իրենց նախագիծը, ապա այստեղ պարտադիր է լինելու, որ շինարարությունն իրականացնի շինարարական լիցենզավորված կազմակերպությունը»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։
2025 թվականից հետո ծնված երեխաները ևս կարող են լինել շահառու։
Նախկինում ծրագրի շահառու կարող էին լինել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաները։ Նոր փոփոխությամբ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաները ևս կարող են շահառու լինել, եթե նրանց ծնողները ծրագրի շահառու են։ Պարզապես նրանց հաշվի առնելու համար ընտանիքները պետք է դիմեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Փոխհատուցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարները։
Այդ գործընթացը վճարովի է, միջինը 72 հազար դրամ։ Որոշում է կայացվել, որ պետությունը կփոխատուցի այդ ծախսը։ Որոշումը կունենա հետադարձ ուժ, բոլոր հայրենակիցները, որոոնք ձեռք են բերել բնակարան, առաջիկա օրերին իրենց հաշվիներին կստանան գույքի գրանցման համար ծախսած գումարները։