ՀՀ քաղաքացիները մինչև 2014 թվականն արված ՔԿԱԳ ակտային գրանցումները թվայնացնելու հնարավորություն ունեն
3 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին իրենց և իրենց ընտանիքին վերաբերող մինչև 2014 թվականը կատարած ՔԿԱԳ գրանցումները թվայնացնել։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը նշեց, որ թվայնացման աշխատանքների համատեքստում քաղաքացիներին տրվում է նաև այդպիսի հնարավորություն։
«Թվայնացումը մեր առաջնահերթություններից է և այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել։ Ինչպես գիտեք, ներդրվել է համակարգ, ըստ որի 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո բոլոր ակտային գրանցումները հասանելի են էլեկտրոնային համակարգի միջոցով։ Ինչ վերաբերում է մինչ այդ եղած ակտային գրանցումներին, ապա նոր հնարավորություն է ստեղծված, որ քաղաքացիները հայտ ուղարկեն ու թվայնացնեն»,-ասաց Մարինե Յայլախանյանը։
Դրա համար պետական տուրք նախատեսված չէ, պարզապես քաղաքացին լրացնում է դիմումը և փոխանցում է տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է կատարվել համապատասխան ակտային գրանցումը։
«Քանի որ մեր պետությունը որդեգրել է ամբողջության թվայինի անցնելու գաղափարը, միանշանակ խրախուսելի է, որ արխիվային փաստաթղթերը ևս ամբողջական թվային լինեն։ Նման դեպքում քաղաքացիները ավելի դյուրին կկարողանան օգտվել այս կամ այն ծառայությունից։ Մենք հիմա հընթացս, ըստ պահանջի, արխիվային փաստաթղթերը թվայնացնում ենք, սակայն խրախուսում ենք, որ քաղաքացիներն ակտիվ լինեն ու դիմեն մինչև 2014 թվականն ունեցած ակտային գրանցումները թվայնացնել»,-ասաց Մարինե Յայլախանյանը։
Անդրադառնալով թվայնացման աշխատանքներին՝ Մարինե Յայլախանյանը նշեց, որ ներկայում ՔԿԱԳ-ի 7 ծառայություններից 6-ը թվայնացված են։ Իհարկե, թղթային տարբերով գործակալության սպասարկման գրասենյակներ դիմում ներկայացնելու տարբերակը ևս պահպանվում է, սակայն քաղաքացիներն ունեն նաև էլեկտրոնային տարբերակով դիմելու հնարավորություն։
Մասնավորապես՝ երեխայի ծննդի, հայրության ճանաչման, ամուսնության, ամուսնալուծության, անունը փոխելու և մահվան ակտային գրանցումները հնարավոր է կատարել թվային տարբերակով։
«Գործընթացը շատ արագ է կազմակերպվում, միայն անհրաժեշտ է դիմումատուի էլեկտրոնային ստորագրության առկայությունը։ Սա շատ հարմարավետ տարբերակ է։ Օրինակ՝ երեխայի ծնունդը գրանցելիս նախկինում պետք էր մոտենալ ՔԿԱԳ սպասարկման կենտրոն, ձեռքում ունենալ անհրաժեշտ փաստաթղթերի տպած տարբերակը, սպասել հերթերում։ Հիմա մի քանի գործողությամբ դա հնարավոր է կազմակերպել ցանկացած վայրից, էլեկտրոնային տարբերակով»,-նշեց Մարինե Յայլախանյանը։
Ի դեպ, Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները ևս կարող են թվային գործիքներից օգտվել և դիմում ներկայացնել, եթե ունեն էլեկտրոնային ստորագրություն։ Այսինքն՝ որևէ մեկին լիազորելու կարիք չկա։
