Առաջիկա օրերը տեղումնառատ են լինելու, եղանակը կտաքանա ապրիլի 13-ից հետո
3 րոպեի ընթերցում

Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ակտիվությամբ պայմանավորված Հայաստանում առաջիկա օրերին տեղումնառատ է լինելու։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ այդ ցիկլոնը Հայաստանի տարածքում լինելու է մինչև ապրիլի 13-ը։
«Դա նշանակում է, որ մինչ այդ հանրապետության ամբողջ տարածքում տեղումները շարունակվելու են։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում տեղումները դիտվելու են ձյան տեսքով։ Այնպես որ, վարորդներին հորդորում եմ տվյալ հատվածներում ցուցաբերել զգոնություն»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Առանձին օրերին տեղումները կլինեն զգալի, կուղեկցվեն ամպրոպներով, քամու ուժգնությամբ։ Քամու մեծ արագությունով պայմանավորված՝ հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
«Հանրապետությունում ապրիլի 14-ից եղանակը կփոխվի, կարելի է ասել, կլինի շրջադարձային փոփոխություն։ Ցուրտ օդային հոսանքները կնահանջեն և իրենց տեղը կզիջեն մերձավորարևելյան տաք օդային հոսաքներին։ Դա նշանակում է, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին»,-ասաց Գագիկ Սուրենյանը։
Ինչ վերաբերում է մինչ օդի ջերմաստիճանի բարձրացումը ցրտահարման ռիսկին, Գագիկ Սուրենյանը նշեց, որ այն բավական նվազել է, քանի որ հանրապետությունում դեռ պահպանվում է ցածր ջերմային ֆոնը, դա նշանակում է, որ պտղատուները ուշ են ծաղկում։
Հաշվի առնելով, որ առատ տեղումներ են, որին հաջորդելու է օդի ջերմաստիճանի բարձրացումը, որքանո՞վ է մեծ հեղեղումների ռիսկը։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ հստակ կանխատեսում անել հնարավոր է հեղեղումներից 3-4 օր առաջ։
«Երբ հստակ լինեն ջերմաստիճանի կտրուկ բարձրացումները, ինչպես նաև տեղումների ինտենսիվությունը, գետերում դիտված ջրայնությունը, նոր կկարողանանք կոնկրետ նշել, սակայն այս պահին կարող ենք ասել, որ այդ օրերին կունենանք ջրի ելքերի զգալի բարձրացումներ»,-ասաց Լևոն Ազիզյանը։

Անդրադառնալով ջրամբարների լցվածությանը, Լևոն Ազիզյանը նշեց, որ ապրիլի 10-ի ցուցանիշները 2025-ի նույն օրվա համեմատ ցածր են։ Նախորդ տարի Ախուրյանի ջրամբարում ապրիլի 10-ի դրությամբ եղել է 100 տոկոսից ավելի լցվածություն, քանի որ եղանակը տաք էր։
Չնայած դրան, կանխատեսվում է, որ այս տարի ջրամբարներում ավելի շատ ջրալցվածություն կլինի, քանի որ նախորդ տարվա համեմատ այսօր կա 1 մ 22 սմ-ով ավելի ձնածածկ։ Օդի ջերմաստիճանի բարձրացմամբ ձնհալքը կնպաստի նաև ջրամբարների լցվածությանը։
