Մեկնարկում է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը
4 րոպեի ընթերցում

Հայաստանում ապրիլի 14-ին մեկնարկում է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ բավական հագեցած ծրագիր է սպասվում, լինելու է երկու տասնյակից ավելի ներկայացում։
«Ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս մենք ներկայացնում ենք բազմաբովանդակ ծրագիր։ Փառատոնի թե միջազգային, թե տեղական ծրագրում ունենք հետաքրքրիր ներկայացումներ, նորություններ։ Իրենց խոսքն են ասում թե երիտասարդները, թե արդեն այս ժանրում հաջողություն գրանցած արվեստագետները։ Ունենք ներկայացումներ նաև փոքրիկների համար։ Փառատոնի մեկնարկը տրվում է Փոքր թատրոնում՝ Ֆիլիպ Ռիստովսկու «Նիժինսկի» մոնոներկայացմամբ»,-ասաց Մարիաննա Մխիթարյանը։
Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոդրամա, մոնոդոկ, մոնոպար։ Այս տարի փառատոնին մասնակցում են Ռումինիայից, Իսպանիայից, Իտալիայից, Սերբիայից, Ռուսաստանից, Վրաստանից։ Նախնական մասնակցություն նախատեսված է նաև Իրանից։
Փառատոնի միջազգային ծրագրում հանդես կգան Գեորգի Գասվիանին՝ «Խոստովանություն. Ես Սերգեյ Փարաջանովն եմ» (Վրաստան), Վիտալի Յարոշը՝ «Պարալիմպիկ» (ՌԴ), Անդրեյ Յակովլևը՝ «Փրկել կամեր-յունկեր Պուշկինին» (ՌԴ), Խոսե Անտոնիո Լուսիան՝ «Կարիճ կամ արարողություն (Իսպանիա), Ռադե Կոստիչը՝ «Չապլին․ իմ պատերազմը» (Սերբիա), Դորսա Միրզային՝ «Պրոմեթևս» (Իրան), Քրիստիան Իզզոն՝ «Պուլչինելլան «Ծառա առանց տիրոջ» (Իտալիա) ներկայացումներով:
Տեղական ծրագրում հանդես կգան Աղասի Մելքոնյանը՝ «Թղթե մարդը», Ալլա Սահակյանը՝ «Լույսի ծածկագիրը», Լիլիա Մուկուչյանը՝ «Կոնտրաբաս», Բաբկեն Զաքարյանը՝ «ՆԵԵսենին», Սամվել Էլբակյանը՝ «Կոմիտաս», Անահիտ Ղազարյանը՝ «Պարուհին» մոնոներկայացումներով: Փառատոնի փակումը նախատեսված է մայիսի 1-ին Կարինե Խոդիկյանի «Ինքնաթիռների և մարդկանց մասին» մոնոներկայացմամբ։
Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ փառատոնի օրերին Երևան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոնների տնօրեններ, փորձագետներ, որոնք կանցկացնեն վարպետության դասեր։
«Փառատոնը ոչ միայն հրաշալի մոնոներկայացումները վայելելու հնարավորություն է, այլև լավ հարթակ է մեր տեղի արվեստագետների համար՝ միջազգային գործընկերների հետ շփվելու, նոր գաղափարներ քննարկելու, համագործակցության եզրեր գտնելու համար։ Մենք համատեղ մի այդպիսի նախաձեռնության շուրջ աշխատում ենք և կարծում եմ, որ որոշ հարցեր հստակեցնելուց հետո, շուտով այդ մասին հայտնելու առիթ կունենանք»,-ասաց Մարիաննա Մխիթարյան։
Փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ նպաստելով Հայաստանում մոնոժանրի զարգացմանը։ Դրա վառ ապացույցներից է փառատոնի շրջանակում ներկայացված մոնոներկայացումների հաջողությունները միջազգային փառատոններում։
