Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ․ ուսանողները կարող են ստանալ ուսման վարձի փոխհատուցում և աշխատանքային փորձի հնարավորություն
4 րոպեի ընթերցում

Աշխատանքային փորձ ձեռք բերելու, ուսման վարձի փոխհատուցում ստանալու հնարավորություն ուսանողների համար․ «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիրն արդեն ընդունում է հայտեր։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը նշեց, որ նպատակ ունեն աջակցել ուսանողների մասնագիտական զարգացմանը և աշխատաշուկա արդյունավետ մուտք գործելու աշխատանքներին։
«Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր բուհերի, հավատարմագրված համալսարանների 3-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև հեռակա ուսուցմամբ սովորող 4 կուրսի ուսանողները։ Նրանք ծրագրի շրջանակում հնարավորություն կունենան ստանալ 1 տարվա ուսման վարձի մինչև 80 տոկոս փոխհատուցում, մասնակցել կրթական դասընթացների, անցնել պրակտիկա գործընկեր կազմակերպություններում և ձեռք բերել գործնական հմտություններ։ Մենք ցանկանում ենք ուսանողներին բերենք մասնագիտական դաշտ»,-ասաց Ռոզա Սոլոմոնյանը։

«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը նախապես գործընկեր կառույցներից ու կազմակերպություններից հավաքագրում է թափուր աշխատատեղերի քանակը, հստակեցնում է, թե ինչ մասնագետների կարիք ունեն, ըստ դրա էլ ներգրավում են համապատասխան ուսանողների։ Ծրագիրն արդեն 4-րդ տարին է անցկացվում: Այս տարիների ընթացքում 100 ուսանողի աջակցել են, որից 80 տոկոսն ունեն աշխատանք։ Ծրագրի շահառու ուսանողները պրակտիկ հմտություններ են ձեռք բերում ինչպես պետական կառույցներում, այնպես էլ մասնավոր ընկերություններում։ Ծրագրին միացած պետական կառույցներից է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախարարի տեղակալ Արաիկ Եսայանը նշեց, որ վերջին տարիներին հիմնադրամի հետ համագործակցությունը հնարավորություն է տվել տաղանդավոր երիտասարդների ներգրավել պետական համակարգ։

«Անկեղծ լինեմ, սկզբնական շրջանում շատերը պետական համակարգը չէին դիտարկում որպես գործատուն։ Տպավորություն էր ստեղծվել, որ պետական համակարգում ամեն ինչ հին է, տաղտկալի աշխատանք է, սակայն ուրախությամբ նշեմ, որ միտումը փոխվել է։ Ուսանողները հասկացել են, որ պետական համակարգը ևս փոխվում է, նոր զարգացման ծրագրեր են իրականացվում, թվային գործիքներ են առաջ քաշվում։ Նրանք, ներգրավվելով պետական համակարգի աշխատանքներին նոր շունչ ու ձեռագիր են բերում»,-ասաց Արաիկ Եսայանը։
«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի հետ արդեն 2 տարին է սերտորեն համագործակցում է «ԷվենտՏուրա» իրադարձային զբոսաշրջության զարգացման գործակալությունը։ Այն այս տարի ևս 10-ից ավելի ուսանողների պատրաստ է ընդունել և ակտիվորեն ներգրավել աշխատանքներում։ Գործակալության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանը նշեց, որ հիմնադրամը նախապես ուսանողների հետ աշխատանք է կատարում, որոշակի առումով պատրաստում, նոր հասցեագրում գործատուներին։

«Մեր գործունեության 10 տարիների ընթացքում միշտ աշխատել ենք ուսանողների հետ։ Մեր սոցիալական պատասխանատվությունն է նրանց տեղ տալը, մասնագիտական պրակտիկ գիտելիքներ տրամադրելը։ Մենք վերցնում ենք աշխատանքային փորձ չունեցող ուսանողների ու ներգրավել մեր ծրագրերում։ Այս ծրագրի շրջանակում մենք կարող ենք ուսանողների ներգրավել արդեն ֆիլտրված տարբերակով, մեր պահանջներին համապատասխան»,-ասաց Մերի Բադալյանը։
Ծրագրում ընդգրկվելու համար ուսանողները կարող են դիմումները ներկայացնել մինչև հունիսի 6-ը։
