Մամուլի սրահ

«Արտաշես և Սաթենիկ». Արտաշատի պետական թատրոնի խաղացանկը կհամալրվի նոր ներկայացմամբ

3 րոպեի ընթերցում

«Արտաշես և Սաթենիկ». Արտաշատի պետական թատրոնի խաղացանկը կհամալրվի նոր ներկայացմամբ

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնը թատերասեր հասարակությանը ներկայացնում է նոր ներկայացում։ Առաջիկա երեք օրերին՝ ապրիլի 28-ին, 29-ին և 30-ին, բեմում է լինելու է «Արտաշես և Սաթենիկ» ներկայացումը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը նշեց, որ զգալի աշխատանք է կատարվել ու այս առաջնախաղին պատրաստվել են 3 տարի։

«Լինելով Արտաշատի թատրոն՝ մեզ համար կարևոր էր ունենալ ներկայացում՝ նվիրված պատմական Արտաշատի հիմնադիր Արտաշես արքային։ Նյութը վերցրել ենք Մովսես Խորենացուց և անդրադարձել ենք Արտաշես արքայի սիրո պատմությանը։ Օրեր առաջ եղավ ներկայացման փակ դիտումը և շատ տպավորված եմ։ Այն առանձնանում է իր ասելիքով, գեղագիտությամբ։ Գլխավոր ուղերձը խաղաղությունն է, միասնությունը, սերը»,-ասաց Կամո Նաղդալյանը։

Արտաշատի պետական թատրոնում շատ ակտիվ աշխատանքներ են կատարվում վերազինման ուղղությամբ։ Եվ ամբողջությամբ նորացվել է լուսաձայնային տեխնիկան։ Դրա շնորհիվ թատրոնի ներկայացումները հանդիսատեսի դատին են հանձնվում որակապես նորովի։ Առաջիկայում նախատեսվում է դահլիճի ամբողջական վերանորոգում։ 

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի  տնօրենի գեղարվեստական հարցերով խորհրդական Կարեն Խաչատրյանը նշեց, որ առաջնախաղում մեծ թվով դերասաններ են ընդգրկված։ Աշխատանքն այնպես է կազմվել, որ ստեղծագործական կազմը լիարժեք զբաղվածություն ունենա։

«Ունենք նաև հրավիրված դերասաններ, որոնցից մեկը հենց գլխավոր դերերից մեկն է ստանձնել։ Մենք, համագործակցելով Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ, հրավիրել ենք նաև ուսանողների։ Այդ կերպ նպատակ ունենք երիտասարդների ու թատրոնի կապն ավելի ամրապնդել։ Թատրոնը միշտ բաց է համագործակցության համար, և մենք նման կերպ կարողանում ենք սերնդափոխության հարցը սահուն կերպով ապահովել»,-ասաց Կարեն Խաչատրյանը։

Խոսելով առաջիկա անելիքներից՝ թատրոնի ղեկավարությունը տեղեկացրեց, որ առաջիկայում հյուրախաղեր են սպասվում ինչպես Հայաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ արտերկրում։ Մասնավորապես՝ թատրոնը հյուրախաղերով կլինի Վրաստանում ու ԱՄՆ-ում։ Մինչ այդ ներկայացումներով հանդես կգա Վայքում, Եղեգնաձորում, Գավառում, Մարտունիում և Հայաստանի այլ քաղաքներում։

Խաղացանկը բազմաժանր պահելու առաքելությամբ առաջնորդվելով՝ թատրոնն առաջիկայում ևս նորություններով հանդես կգա։ Տարվա ընթացքում թատերասերները կարող են վայելել «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը, իսկ փոքրիկների համար նախատեսված է «Չարի վերջը»։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում