Մարզեր

Գյումրիում բացվեցին նոր զբոսաշրջային ինֆորմացիոն կետեր

2 րոպեի ընթերցում

Գյումրիում բացվեցին նոր զբոսաշրջային ինֆորմացիոն կետեր

Գյումրիում պաշտոնապես ազդարարվեց զբոսաշրջային ինֆորմացիոն կետերի բացման մասին։ Կետերը ստեղծվել են Գյումրիի երեք կարևոր վայրերում՝ «Բարեկամության» զբոսայգում, Ասլամազյան քույրերի պատկերասրահում և «Լեո Կերամիկս» արվեստանոցում։

Նորաբաց կետերը ներկայացնելու են զբոսաշրջային ուղղություններ, մշակութային օջախներ, համայնքային նախաձեռնություններ և ծառայություններ։ Դրանք հագեցած են քարտեզներով, տեղեկատվական նյութերով և QR կոդերով, որոնք կապահովեն օգտատերերի մուտքը ամբողջական և արդիական տվյալների՝ միջոցառումների, վայրերի և առաջարկվող ծառայությունների վերաբերյալ։

Ծրագիրը նպատակ ունի բարելավել քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքները, ինչպես նաև ապահովել տեղեկատվության հասանելիությունը Գյումրի այցելող զբոսաշրջիկների, տեղական բիզնեսների և համայնքային ներկայացուցիչների համար։

Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝ իր զբոսաշրջային և քաղաքաշինական պլատֆորմի՝ TUF հիմնադրամի միջոցով։ Այն կյանքի է կոչվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (M4EG) տարածաշրջանային ծրագրի շրջանակում։

«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակում «Պորտֆոլիո» թիմը մշակել է ենթածրագրեր, որոնք առնչվում են Գյումրու տուրիզմի հեռանկարների բացահայտմանն ու զարգացմանը։ Մինչ այս քաղաքում մենք չունեինք կետեր, որոնք կօգնեին տուրիստին համապարփակ ինֆորմացիա ստանալ քաղաքի մասին։ Մշակել ենք նաև տուրիստական քարտեզ՝ քայլուղու համար»,- «Արմենպրես»-ին տեղեկացրել է ծրագրի փորձագետ Էմմա Բաղդասարյանը՝ հավելելով, որ դրանք ծառայելու են որպես համագործակցության հարթակ մասնավոր, համայնքային և մշակութային կառույցների միջև՝ նպաստելով քաղաքի զբոսաշրջային ներուժի առավել ընդգծմանն ու զարգացմանը։

Հնարավորության դեպքում ինֆորմացիոն կետեր կբացվեն նաև քաղաքի այլ հատվածներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում