Քննարկվել են ՀՀ կրթության ոլորտում Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
3 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արևելյան հանրային հատվածի ընդլայնման և ԵՄ հարևանության երկրներում վարկային գործառնությունների հարցերով բաժնի ղեկավար Մատեո Ռիվելինիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, կողմերը քննարկել են կրթության ոլորտում Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընթացքը, ապագա նախաձեռնությունները, ինչպես նաև առկա ծրագրերն ընդլայնելու հնարավորությունները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ԵՆԲ-ի հետ համագործակցության կարևորությունը, մասնավորապես, մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կարևորվել են նաև Սյունիքի մարզում ԵՆԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը։
Ըստ աղբյուրի՝ Մատեո Ռիվելինին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կրթությունը ԵՄ-Հայաստան գործընկերության առանցքային ուղղություններից մեկն է։ Նա վստահություն է հայտնել Սյունիքում իրականացվող ծրագրերի հաջողության հարցում՝ կարևորելով նաև համագործակցության իրավական հիմքերի ամրապնդումը երկկողմ համաձայնագրի կնքման միջոցով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված բարեփոխումներին, ինչպես նաև ՄԿՈՒ ոլորտի արդիականացման առաջնահերթություններին։ Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովը 2024 թվականին ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը, որը մշակվել է ԵՄ և այլ միջազգային գործընկերների աջակցությամբ՝ երկարատև համագործակցության արդյունքում։
«Մենք վերաձևում ենք ամբողջ կրթական գործընթացը՝ փոխելով մասնագիտությունների ցանկը, ուսուցման մեթոդները և ծրագրերը»,– նշել է նախարարը։
Այս համատեքստում նա նաև կարևորել է մասնավոր հատվածի ու տնտեսության հետ կապն առավել ամուր դարձնելու հանձնառությունը՝ մասնագիտական կրթության համակարգի զարգացման նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։