Սևանում ՄԱԿ-ի համաշխարհային ծրագրի գրասենյակ է բացվել
3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Սևանում նոր գրասենյակ է բացել՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում իր գործունեությունն ընդլայնելու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նոր գրասենյակի բացմանը մասնակցել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի hայաստանյան գրասենյակի տնօրեն Նանա Սկաուն, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Վահան Զարոյանը և Ջանիկ Բազեյանը, Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Սևանի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։
«Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում մեծ ներուժ կա, և մենք ցանկանում ենք զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մարդկանց համար: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը արդյունավետորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ և, ներգրավելով համայնքների անդամներին, խթանում կայունությունը տարածաշրջանում՝ բացահայտելով և լուծելով մարզերում առկա մարտահրավերները»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և տնօրեն Նանա Սկաուն:
«Մարզպետ Կարեն Սարգսյանի և մեր անունից թույլ տվեք շնորհավորել բոլորիս Սևան քաղաքում ՊՀԾ-ի նոր գրասենյակ բացելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին մինչ օրս Գեղարքունիքի մարզում իրականացրած կարևոր ծրագրերի համար։ Այս գրասենյակի առկայությունը կբարձրացնի մարզի փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունն ու շահութաբերությունը»,-նշել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։
Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը նույնպես շնորհակալություն է հայտնել Նանա Սկաուին և ծրագրի պատասխանատուներին՝ Սևանում նոր գրասենյակի բացման առթիվ։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը Գեղարքունիքում` ի թիվս այլ ծրագրերի, իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ ապահովելով տարրական դասարանների երեխաներին տաք և սննդարար կերակուրներով:
ՊՀԾ-ն նաև իրականացնում է դպրոցական գյուղատնտեսական ծրագրեր ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ Գեղարքունիքում, որտեղ դպրոցներին աջակցություն է ցուցաբերվում ջերմատների, ինտենսիվ այգիների և արևային կայանների կառուցման տեսքով։