Իրան

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով. Իրանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով. Իրանի ԱԳՆ

Իրանը մտադիր չէ հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետություններն իրավունք չունեն սահմանափակել Թեհրանին այդ հարցում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին:

«Մենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, դրա հիման վրա մենք իրականացնում ենք ուրանի  հարստացում խաղաղ նպատակներով՝ ի բարօրության մեր երկրի: Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե ինչ պետք է անենք, քանի դեռ մենք հետևում ենք պայմանագրի շրջանակներում մեր պարտավորություններին», - ասել է Թախտ Ռավանչին Գերմանիայի ARD հեռուստաալիքի եթերում:

Նա նաև նշել է, որ մտադիր չէ մեկնաբանել Իրանի միջուկային ծրագրի վիճակը հունիսի լույս 22-ի գիշերն ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածներից հետո: Ընդ որում, ընդգծել է փոխնախարարը, ռմբակոծությունն իրենից ներկայացնում է «ագրեսիայի ակնհայտ ակտ»: Թախտ Ռավանչիի խոսքով՝ Իրանն այս իրավիճակում «ագրեսիայի զոհ» է և իրավունք ունի պատասխանելու դրան ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան։ Միևնույն ժամանակ դիվանագետը չի մեկնաբանել Իրանի կողմից Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին հարվածելու հնարավորությունը։

Արտաքին գործերի փոխնախարարը նաև քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, որը հավանություն է տվել Իրանի դեմ գործողությանը և հայտարարել է, որ հրեական պետությունն իր գործողություններով «կեղտոտ աշխատանք» է կատարում բոլոր արևմտյան երկրների փոխարեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում