Իրան

Իրանն ԱՄՆ-ի ավիահարվածներին պատասխանելու զանազան տարբերակներ ունի. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄՆ-ի ավիահարվածներին պատասխանելու զանազան տարբերակներ ունի. Արաղչի

Իրանը զանազան տարբերակներ ունի ԱՄՆ-ի ավիահարվածներին պատասխանելու համար և երբեք չի վստահել Արևմտյան երկրներին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում անցկացվող մամուլի ասուլիսում։

Արաղչիին հարց են ուղղել՝ արդյոք Իրանը պատրաստվում է պատասխան հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմակայաններին թե՞ դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը։

«Մեզ հասանելի զանազան տարբերակներ կան, այդքանը», - նշել է Արաղչին։

Նա հավելել է, որ հիմնավորված պատճառներ կան՝ չվստահելու Արևմտյան երկրներին։

«Մենք երբեք չենք վստահել Արևմտյան երկրներին, երբ բանակցություններ էինք վարում նրանց հետ, և հիմա ավելի շատ պատճառներ ունենք նրանց բոլորովին չվստահելու համար», - ասել է նա։

«Եկեք նախ սպասենք մեր պատասխանին։ Եվ երբ ագրեսիան ավարտվի, մենք կորոշենք՝ ինչպես նորից ներգրավվել դիվանագիտության մեջ», - նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Մամուլի ասուլիսում նա նաև հայտնել է, որ մեկնում է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։

ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեջ՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածները «լիովին ոչնչացրել են» Իրանի միջուկային հարստացման օբյեկտները։ Նա Թեհրանին ասել է «խաղաղություն հաստատել», այլապես ապագայում «շատ ավելի մեծ» հարվածներ կլինեն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում