Իրանը հայտարարել է, որ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումն անդառնալի հետևանքներ կունենա
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը խախտել է միջազգային իրավունքն ու միջուկային զենքի չտարածման ռեժիմը ՝ հարձակվելով Իրանի քաղաքացիական օբյեկտների վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ միջուկային ենթակառուցվածքներին հարվածները անդառնալի հետևանքներ կունենան:
«Միացյալ Նահանգները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը, Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակվելով, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և անդառնալի հետևանքներ կունենան: ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է մտահոգված լինի այս չափազանց վտանգավոր, անօրինական ու հանցավոր վարքագծի համար», - գրել է Արաղչին՝ նշելով, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, որը թույլ է տալիս ինքնապաշտպանության նպատակով օրինական արձագանք, Իրանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը։