ՀՀ ԱԺ փոխնախագահը և Չեխիայի փոխվարչապետն անդրադարձել են Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված բոլոր հայ գերիների կեղծ դատավարությանը

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:

«Չեխիայի Հանրապետությունը մեր ամենակարևոր եվրոպական գործընկերներից մեկն է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ ակտիվ միջխորհրդարանական երկխոսությանը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում: Նա բարձր է գնահատել չեխական կողմի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Մենք այստեղ ենք՝ տեղում ծանոթանալու համար իրավիճակին և ապագայի ծրագրերին»,- ասել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր՝ Հայաստանը կարևոր գործընկեր է Չեխիայի և չեխ ժողովրդի համար: Մարիան Յուրեչկան ընդգծել է, որ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական բնագավառում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա և փոխհամագործակցությունն ակտիվացնելու, զարգացնելու հարցում ու վիզաների ազատականացման գործընթացում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար: Նա ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ այդ համատեքստում ընդգծելով Չեխիայի փորձն ու համագործակցության հնարավորությունները:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը խորհրդարանին էր ներկայացվել որպես քաղաքացիական նախաձեռնություն: Նա անդրադարձել է նաև ԵՄ-ի կողմից կայացված երկու կարևորագույն որոշումներին՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին և Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում օգնության տրամադրմանը:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետությանը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը մասնակցելու համար:

««Հայաստանը խիստ հետաքրքրված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ: Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն, որը հիմնված է երկրների իրավասության, ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»,- անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

Նա մանրամասն ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, խոսել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման ՀՀ տեսլականի մասին:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ Չեխիայի փոխվարչապետն իր աջակցությունն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման հարցում: Նշվել է, որ խաղաղությանն ուղղված քայլերն ուժեղության նշան են:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված բոլոր հայ գերիների, ինչպես նաև ռազմաքաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հայերեն Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը