Իրանում հայտնել են երկու բանկերի տեղեկատվական համակարգերի վրա կիբերհարձակումների մասին. լրատվամիջոց
2 րոպեի ընթերցում

Իրանի կիբերհրամանատարությունը հայտնել է, որ իր մասնագետները ստիպված են եղել պայքարել Իսրայելի կազմակերպած կիբերհարձակումների դեմ, որոնք հանգեցրել են իրանական երկու բանկերի տեղեկատվական համակարգերի խափանմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Press TV-ն։
«Համակարգչային անվտանգության մեր մասնագետները կարողացել են արագորեն վերացնել մեկ բանկի համակարգերի խափանումը և ներկայումս փորձում են վերականգնել երկրորդ բանկի համակարգերի աշխատանքը»,- հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նշված է հրամանատարության հայտարարությունում:
Լրատվամիջոցը հայտնել է, որ կիբերհարձակումների են ենթարկվել Bank Sepah-ը և Bank Pasargad-ը, սակայն չի մանրամասնել, թե նշված բանկերից որում են պահպանվում խնդիրները:
Հաղորդվում է նաև, որ Իրանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Իսրայելի դեմ՝ հետագա սպառնալիքները վերացնելու համար:
NBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելին առնչվող Predatory Sparrow հաքերային խումբը հայտարարել է, որ հունիսի 17-ին կոտրել է իրանական Bank Sepah-ի համակարգերը և ոչնչացրել դրա տվյալները, իսկ հաջորդ օրը համանման հարձակում է իրականացրել իրանական Nobitex կրիպտոարժույթների բորսայի նկատմամբ, որը, հաքերների պնդմամբ, ֆինանսավորել է Իրանի կառավարության գործողությունները։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Predatory Sparrow-ն կրիպտոբորսայից առևանգել է 90 միլիոն դոլար:
Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել է հունիսի 13-ի գիշերը Իրանին Իսրայելի հասցրած լայնածավալ հարվածներից հետո: Գործողության հայտարարված նպատակը Թեհրանի միջուկային ծրագրի խափանումն է: Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին։