Մարզեր

Փառականք կամ Վերին Ծովինար

21 րոպեի ընթերցում

Փառականք կամ Վերին Ծովինար

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի վարչական տարածքում՝ բնակավայրից մոտ 10 կիլոմետր դեպի հարավ, Վարդենիսի լեռնաշղթայի փեշին են տարածվում 76 տարի առաջ լքված Վերին Ծովինար կամ Փառականք գյուղի ավերակները, նաեւ՝ կիսավեր Պողոս-Պետրոս եկեղեցին ու պատմական գերեզմանոցի խաչքար-տապանաքարերը։  

Այս բնակատեղին, թերեւս, ուսումնասիրման լուրջ կարիք ունի, որքան էլ որ հայ մի խումբ հեղինակներ ինչ-որ չափով անդրադարձել են նրա պատմությանը։ 

Դժվար է ճշգրտել Փառականքի հիմնադրման ստույգ ժամանակահատվածը, թեեւ գրավոր հիշատակությունները եւ տարածքում պահպանված խաչքարերը փաստում են, որ այս գյուղը գոյություն է ունեցել դեռեւս 9-10-րդ դարերում եւ որոշակի ընդմիջումներով շարունակվել մինչեւ 1949 թվականը։ Չի բացառվում, սակայն, որ Փառականքը եղած լինի Հայաստանի ամենահին կամ հնագույն բնակավայրերից մեկը, որտեղ մարդիկ ապրել ու արարել են մի քանի հազարամյակ շարունակ, ինչպես որ Սեւանա լճի ավազանի հարյուրից ավելի բնակավայրերի դեպքում է։

Փառականքի մասին հիշատակել են միջնադարյան հայ նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, հայ եկեղեցու անվանի գործիչ, վավերագրող Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը, հայտնի հնագետներ Երվանդ Լալայանը եւ Սեդրակ Բարխուդարյանը։ 

Ստեփանոս Օրբելյանը Փառականքը հիշատակում է Գեղարքունիք գավառի բոլոր այն գյուղերի ցանկում, որոնք հարկատու էին Տաթեւի վանքին։ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցն այս գյուղի մասին թողել է այսպիսի հիշատակություն՝ այն կոչելով Կարմիր խաչեր կամ Վաղավեր․ «Քյոլաղռան գյուղից 4-5 վերստ հեռավորությամբ, հարավարեւելյան կողմում կա մի ավերակ գյուղատեղ, ուր կա մի հին եկեղեցի՝ երկու խորաններով, որ ծածկված են տափարակ սալքարերով, իսկ եկեղեցվո որմունքն են միայն կանգուն, որո շրջապատը կան գեղեցիկ քանդակներով խաչքարեր եւ գերեզմանաքարեր, որոնց վրա երեւում են գրվածքներ։ Մի տապանաքարի վրա գրված էր այսպես․ «Իմ որդի Տաճատի հարսանիքին գործադրվեցավ երեք խալվար ալյուր, մի խալվար աղ, հինգ եզն եւ տաս ոչխար, երեք կարաս գինի եւ մի կարաս օղի, Սոդից մինչեւ Գավառն Գեղարքունին հրավիրված էին հարսանիք, ով մեզանից քաջ է, թող այսպես հարսանիք անե որդվոյն․ Միր Ամիր»։ Հիշյալ ավերակ գյուղատեղվո եկեղեցվո մոտ կան նաեւ կարմրագույն քարից խաչքարեր, եւ այս պատճառով գյուղատեղս անվանվում է Կարմիր խաչեր, որո հին անունը ըստ ակնարկության մի հին խաչքարի արձանագրւթյան, եղել է Վաղավեր»,-գրում է Սմբատյանցը։ 

Մեսրոպ Սմբատյանցի կողմից Գեղարքունիքի մարզում ձեռնարկած ուսումնասիրությունների ժամանակահատվածում, որը սկսվել է 1862 թվականից ու ավարտվել 1895 թվականին, Վերին Ծովինարը կամ Փառականքը եղել է անմարդաբնակ, իսկ ահա Երվանդ Լալայանի ձեռնարկած ուսումնասիրության ընթացքում՝ 1910-ական թվականներին, արդեն այն եղել է բնակեցված։ 

«Վերին Քյոլաղռան կամ Կարմիր Խարապա․ Գտնվում է Քյոլաղռան գյուղից 2 կիլոմետր հեռու, դեպի հարավ-արեւելք, մի հին գյուղատեղում, ուր կա մի կիսավեր եկեղեցի եւ բավականաչափ կարմիր խաչքարեր, որոնցից մեկի վրա արձանագրված է եղել, ըստ Սմբատյանցի․ «Իմ որդի Տաճատի հարսանիքին․․․»։ Վերոնշյալ արձանագրությունը ես չկարողացա գտնել, իմ տեսած խաչքարերից ամենաուշագրավը գտնվում է եկեղեցու մեջ, ծածկված է գեղեցիկ քանդակներով եւ թիկունքին կրում է հետեւյալ արձանագրությունը․ «Ածով մեք Դավիթ էրէցս եւ որդիքս Սոլթան ղուլի Եղիշի թոռն Ղալամին, որ ենք ծնունդս Սարու Ամիճանին, որ բազում ջանիւ եւ հնարիւ բերել սարնդահանայ արեւի սարին ջուրն Դախձն գթայ շինոյ շինեաց բ․ ջաղաց եթող հօրն իմ, քերծն ընդոց»։ Մի ուրիշ խաչքարի վրա էլ գրված է․ «Ած ողորմի Սուլթան Ղուլիին»։ Հավանական է , որ այս գյուղատեղին հին Վաղավեր գյուղը եղած լինի։ Բնակիչները 1890 թվականին Քյոլաղռանից /Ծովինարից/ գաղթած հայեր են, ընդամենը 22 տուն, 101 արական, 98 իգական՝ 199 հոգի»,-գրել է Երվանդ Լալայանը։ 

Գյուղի պատմությանն առավել մանրամասն ու ծավալուն անդրադարձ է կատարել Սեդրակ Բարխուդարյանը՝ իր «Դիվան հայ վիմագրության աշխատության մեջ կատարելով չափազանց կարեւոր ու համոզիչ ուղղումներ։  

Ըստ Բարխուդարյանի՝ գյուղի Վաղավեր անունը սխալ է մատնանշված թե՛ Սմբատյանցի, թե՛ Լալայանի մոտ՝ այստեղ պահպանված մի տապանաքարի վրա եղած արձանագրության թյուրըմբռնման պատճառով։ Ու տպավորություն է, որ երկու հեղինակներն էլ Փառականքում անձամբ չեն եղել, այլ հիմնվել են այլ մարդկանց տված տեղեկությունների վրա։ Հետաքրքիր է, որ Սմբատյանցը Փառականքի տեղանքը նշում է Ծովինարից 4-5 վերստ, Լալայանը՝ 2 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, մինչդեռ այդ հեռավորությունն իրականում շուրջ 10 կիլոմետր է։ Հիմա խոսքը տանք Սեդրակ Բարխուդարյանին։ «Այս գյուղի անունը մոռացված է եղել։ Այն վերականգնելու տեղադիր հեղինակների փորձերն էլ ավելի մեծ շփոթություններ են մուծել հարցի մեջ։ Այժմ անմարդաբնակ այս գյուղը Սմբատյանցն անվանում է Կարմիր Խաչեր, իսկ հին անունը՝ Վաղավեր, Լալայանը՝ Կարմիր Խարապա եւ Վաղավեր։ Թե՛ նոր, թե՛ հին այդ անունները սխալ են։ 

Կարմիր Խարապա գյուղատեղը գտնվում է սրանից 15-20 կիլոմետր արեւելք, Կարճաղբյուր գյուղի հանդում եւ մոտ է Մաքենյաց վանքին, որը մեր որոշմամբ Գթաշեն գյուղն է։ Հնում գոյություն ունեցող Վաղավեր տեղանվան հետ նույնացնելուն հիմք է ծառայել իբր այս ավերակների մեջ գտնվող մի տապանաքարի վրա ընթերցված Վաղավեր անունը։ 

Նախ նշենք, որ Ստեփանոս Օրբելյանի ցուցակում նշված Վաղավեր տեղանունը Սոդից գավառի մեջ է եւ ոչ Գեղարքունի, ապա այն, որ այդ եզրակացության հիմք-տապանագիրը Սմբատյանցն ու Լալայանը չեն հրապարակել, ինչպես եւ առհասարակ Վերին Քյոլաղռանից ոչ մի արձանագրություն չի հրատարակված մինչ այժմ, մի երեւույթ, որ թելադրում է ենթադրել, որ նրանք չեն այցելել այդ վայրը, այլ որեւէ «տիրացուի» խոսքի հիման վրա է առաջացել այս շփոթմունքը եւ հետեւյալ կերպ։ Փառականքի գերեզմանատան մի տապանագիրը հաղորդում է․ «Այս է հանգիստ Ռիվանին, որդի Ջալալին, Վաղաթնու եկօ տեղս կամեր գնալ տեղն յուր հանգստի ի Քրիստոս․ Թվ․ 1678»։ Ահա այս Վաղաթին անվան սխալ վերծանումը եղել է շփոթմունքի պատճառը, մանավանդ կոտրված տապանաքարի ընդհանուր բովանդակությունից, ուր ասված է, թե Ռիվանը եկվոր է։ Վերջին հանգամանքը տարբեր առումներով հետաքրիքիր է, մանավանդ որ այժմ էլ Սիսիանի շրջանում գոյություն ունեցող հին Վաղաթին գյուղի մոտերքից՝ Գորեսից, մի ուրիշն էլ է եկել Փառականք՝ պարոն Լալը, որը Մելիք Տաթյուի որդին է և մեռել է ողբերգական մահով։ Այս գյուղի անունը հնարավոր է վերականգնել բոլորովին այլ ճանապարհով։ Այս գյուղը եղել է մելիքանիստ, առնվազն այստեղ են նստել 14-րդ դարի վերջերից Գեղարքունիք գավառի մելիքական տոհմերից Աղբուղայանները կամ Պուղիկյանները, որոնց տոհմի գերեզմանները, այն էլ մի քանի սերնդի, գտնվում են այստեղի գերեզմանատան մեջ։ Այս տոհմի բազմաթիվ տապանագրերից ու այլ աղբյուրներից երեւում է, որ ամենանշանավոր մելիքը եղել է Թանկրիղուլին, որը Գեղարքունիքի տանուտերերի ու մելիքների հետ ստորագրել է 1513 թվականի այն փաստաթուղթը, որով Գեղարքունիք գավառը հաստատվում է Տաթեւի վանքի թեմի մեջ։ Եթե այս փաստաթղթում Թանկրիղուլու ստորագրությունը երկրորդ տեղն է գրավում, ապա Տաթեւի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարավային եւ արեւելյան պատերի մեջ արված արձանագրության մեջ Թանկրիղուլին առաջին ստորագրողն է։ Այդ արձանագրությունը որոշում է, որ Գեղարքունիքի և Սոթքի գավառի գյուղերը պարտավորում են Տաթեւի վանքին, որպես լուսացու վառելիք երկու կապալ ձեթ տալ։ 

1532 թվականին գրված այս արձանագրության զգալի մասի քարերը թեեւ թափվել-կորել են, բայց Թանկրիղուլու անունը պահպանվել է, եւ ընդհանրապես այդ արձանագրությունն ունի այն առավելությունը, որ մի քանի ստորագրողների անվան դիմաց նշվել են նրանց գյուղերի անունները։ Թանկրիղուլու անվան դիմաց մնացել է մի տեղանվան մաս՝ Փառկուն, որն առանց տատանվելու կարող ենք լրացնել՝ Փառկունեցի։ 

Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ պահպանված Գեղարքունիք գավառի գյուղերի ցանկում կա Փառականք գյուղը, որը «Ջամբռի» մեջ Մաքենյաց վանքի վիճակի գյուղերի ցանկում գրված է Փառակունիք ձեւով։ 

Այս գյուղի մասին հետաքրքիր տեղեկություններ են պահպանվել Արատեսի վանքի պատին գրված մի ընդարձակ արձանագրության մեջ, ըստ որի, Ստեփանոս Օրբելյանն այդ վանքին է նվիրում Գեղարքունիքի իր սեփական վիճակից ութ գյուղ, որոնց մեջ նշված է նաեւ Փառակունիքը։ Այդ բոլոր ութ գյուղերը գտնվել են իրար կողքի, ներկայիս Մարտունու շրջանում։ Այս գյուղն այժմ անմարդաբնակ է, գյուղատեղում պահպանվել են արձանագրություն ունեցող հետեւյալ հուշարձանները․

Ա․Հին գերեզմանատան մնացորդներ, մեկը՝ եկեղեցուց հարավ-արեւմուտք, մյուսը՝ հարավ-արեւելք, երկու տեղում էլ կանգնած են 12-13-րդ դարերի խաչքարեր։

Բ․Եկեղեցի, որ այժմ փայտածածկ շենք է, նորոգված ալաշկերտցի գաղթականների կողմից։ Հյուսիս-արեւմտյան անկյունում, պատկից, կա մի փոքրիկ մատուռ, ավելի հին, որը շենքի վերանորոգման ժամանակ հարմարեցրել են որպես խորան եւ եկեղեցուց մուտք բացել նրա մեջ։ Այստեղ կան 9-10-րդ դարերի արձանագիր խաչքարերի բեկորներ միայն, իսկ եկեղեցու պատերի ու ավագ խորանի ճակատին ագուցվել են 14-17-րդ դարերի խաչքարեր, մի քանիսն՝ արձանագիր։ 

Գ․ Մեծ գերեզմանատուն։ Տարածված է եկեղեցու հյուսիսում։ Այստեղ կան բազմաթիվ խաչքարեր եւ տապանաքարեր, մեծ մասամբ հմուտ վարպետների ձեռքերով շինված։ Առանձնապես հետաքրքիր են տապանաքարերի վրայի կենցաղային քանդակներն՝ իրենց բազմազանությամբ ու հմուտ կատարումով։ Այս գերեզմանատան մեջ կան Պուղիկյան մելիքական տոհմին պատկանող բազմաթիվ հուշարձաններ, իսկ Մելիք Թանկրիղուլու ընտանիքինը գտնվում է գերեզմանատան արեւմտյան եզրին՝ եկեղեցու պատի մոտ։ Մեր կողմից վերծանված է 41 արձանագրություն, որոնք մինչ այժմ հրատարակված չեն եղել»,-գրում է Սեդրակ Բարխուդարյանը։ 

Եթե Բարխուդարյանը Վերին Ծովինարը կամ Փառակունիքը նշում է որպես անմարդաբնակ գյուղ, ապա նշանակում է, որ նա այս բնակավայրի հուշարձաններ է այցելել 1950-1960-ական թվականներին, երբ նրա բնակիչները ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ արդեն տեղափոխվել էին բնակության այլ վայրեր։ 

Սեդրակ Բարխուդարյանը նաեւ նշում է, որ Մեսրոպ Սմբատյանցի կողմից Փառականքում հիշատակված «Իմ որդի Տաճատի հարսանիքին․․․» բովանդակությամբ արձանագրություն տեղում չի գտնվել, իսկ ահա Երվանդ լալայանի հիշատակած « Աստուծով մեք Դավիթ էրէցս եւ որդիքս Սոլթան ղուլի Եղիշի թոռն Ղալամին․․․» բովանդակությամբ արձանագրությունն ինքն անձամբ գտել ու վերծանել է Գթաշեն գյուղատեղի ավերակներում, որը Փառականքից գտնվում է 15-20 կիլոմետր հեռավորությամբ, Լճավան գյուղի մոտակայքում։ 

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու հյուսիսային պատից բացվող մուտքի շինությունը, որը համարվում է երկրորդ խորանը, ծածկված է հսկայական չափերի սալաքարերով, որը կարելի է բացառիկ ճարտարապետություն համարել հին դարերի Հայասստանի աշխարհիկ կամ հոգեւոր կառույցների մեջ։ Այդ բացառիկներից են նաև, ինչպես իր «Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը» աշխատության մեջ նշում է Ստեփան Մնացականյանը, Գեղարքունիքի մարզի Վերին Վարդենիկի եւ Սյունիքի մարզի Բղենո Նորավանքի եկեղեցիները։ 

Հնավայրի ամենաուշագրավ ու տպավորիչ հուշարձանը գտնվում է Պողոս -Պետրոս եկեղեցուց դեպի հարավ-արեւմուտք, հին գերեզմանատան մեջ։ Այն մի հսկայական չափերի խաչքար է՝ մոտ երեքուկես մետր բարձրությամբ, ավելի քան 1,5 մետր լայնությամբ ու հոյակապ քանդակներով։ Այն, կարելի էասել, Գեղարքունիքի մարզի հազարավոր խաչքարերի մեջ առանձնանում է թե՛ իր մեծությամբ, թե՛ քանդակների շքեղությամբ։ Նրա աջուձախ կողմերում կան կոտրված խաչքարաբեկորներ։ Այս շքեղ հուշարձանի ստորին մասում, ձախ կողմի անկյունում արձանագրված է․ «Յաշխարհակալություն Ապաղա Ղանին, ի պարոնություն Պռոշա, եպիսկոպոսության Տեր Գրիգորայ, ես, Մանուչա, կանկնեցի զխաչս յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց։ Յիշեցեք․ թվ․ 1273»։ 

Ինչպես պարզվում է, 13-րդ դարում այս գյուղը պատկանել է Պռոշյան իշխաններին, իսկ ահա հետագայում արդեն այն անցել է Օրբելյաններին՝ դառնալով Արատեսի վանքին հարկատու բնակավայր։ 

Մեկը մյուսից ոչ պակաս շքեղ ու գեղեցիկ են նաեւ մյուս խաչքար-տապանաքարերը, որոնց արձանագրությունները նաեւ արժեքավոր տեղեկություններ են պարունակում գյուղի պատմական անցուդարձերի, նրանում ապրող մարդկանց մասին։ Ահա դրանց բովանդակությունը։

«Ես Մելիք Թանկրիղուլս, որդի Մելիք Ղուկասին, թոռն Աղբուղին, կանկնեցի խաչս ի փրկություն հոգվոյ իմոյ․ թվ․ 1451»։ 

«Ես Մելիք Թանկրիղուլս, կանկնեցի Սուրբ Խաչս ի փրկություն հոգվոյ պարոն Խոնծատին, որ է ամուսին իմ եւ դուստր մելիք Խուտայբախշին․ թվ․ 1466»։ 

«Թվ․ 1521 Ի հօր իմ՝ Ղուկաս աղին կ․ /60/ տարի մելիքություն արար»։

«Սուրբ Խաչս բարեխոս Վասակ քահանային․ թվ․ 1547»։ 

«Այս է հանգիստ պարոն Ղասումին, որդի մելիք Թանղրիղուլին, թոռն մելիք Ղուկասին, որ փոխվեցավ ի Քրիստոս 1466 թվականին»։ 

Որոշ արձանագրություններում նկատելի են ողբերգական շեշտեր։ «Այս է հանգիստ Լելիջանին, որդի Մելիք Թանկրիղուլին, թոռն մելիք Ղուկասին, որ Լ /30/ ամեայ փոխվեցավ ի Քրիստոս։ Այս Բ /2/ եղբարք մահով մեռան թվ․1536»։ 

«Այս է հանգիստ Մելիքպեկին, որդի Ղուկաս Աղին, եղբայր մելիք Թանկրիղուլին, որ երեսնամեայ փոխվեցավ ի Քրիստոս, էթող սուք անմխիթար․ թվ․ 1457»։ 

Վիմագիր որոշ արձանագրություններ էլ փաստում են, որ Սյունյաց աշխարհի այլ գավառներից Փառականք բնակության եկել այլ ընտանիքներ, ու նրանց եկվոր լինելը շեշտվել է անգամ գերեզմանաքարերին։ Ավելին, եկվորները թաղվել են տեղացիների շիրիմներից առանձնացված հատվածում, եկվոր Մուսահիբի ընտանեկան գերեզմանների շարքում։

«Կամավն Աստծոյ ես Շահնատարս եւ կողակիցն իմ Իփակն ի գեղջեն Վաղաթնոյ կանկնեցաք Սուրբ Խաչս բարեխոս որդվոյ մերոյ Էվազին․ թվ 1661» 

«Կամավն Աստծոյ ես Մեհրապս որդի Խոշնատարին, գեղջեն Վաղաթնոյ, կանկնեցի Սուրբ Խաչս բարեխոս որդվոյ իմոյ Աստվածատուրին․ թվ․ 1664»։ 

«Այս է հանգիստ Մուսահիբին, որդի էխանին, գեղջեն Վաղաթնոյ թվ․ 1688»

«Այս է հանգիստ պարոն Լալին, որդի մելիք Տաթլուին, գեղջեն Գորէսոյ, եկեալ աստ եւ շինել տուն անգավ գերան ի գլխուն եւ մեռավ»։ 

Պարոն Լալը, որպես Վաղաթին գյուղին մոտիկ Գորէսից եկած մարդ, թաղվել է վաղաթնեցիների կողքին։ 

Բավականին հետաքրիր տվյալներ են այս բնակավայրի գործունեության մասին հաղորդում գերեզմանաքարերին պահպանված մահվան թվականները, որոնք սկսվում են 13-րդ դարից ու ավարտվում 18-րդ դարով։ Այսպես, Մանուչայի կողմից կանգեցված խաչքարը թվագրվում է 1273 թվականով, Մոճամի խաչքարը՝ 1708 թվականով։ 1701 թվականին մահացել է Տեր Ավետիսի կին Հեղնարը, 1702 թվականին՝ նրա որդի Թաթէոսը։ 

Ու հետաքրքիր է, որ Փառականքում կյանքը շարունակվել է նույնիսկ պարսից Շահ Աբասի կողմից 1604-1605 թվականներին կազմակերպած մեծ բռնագաղթից հետո, ավել քան մեկ դար տեւողությամբ։ 

Ամենայն հավանականությամբ, այստեղ կյանքն ընդհատվել է 18-րդ դարի առաջին կեսերից, երբ պարտությամբ են ավարտվել Սյունիքում ու Արցախում հայերի կողմից բարձրացված ազատագրական շարժումները, իսկ լեզգիներն ու մահմեդական այլ ցեղերը ասպատակ են սփռել հայկական գավառներում, այդ թվում՝ Գեղարքունյաց գավառում։ 

Նույն այս հնավայրում, ավերակ մատուռի ու Մանուչայի շքեղ խաչքարի կողքին վեր է բարձրանում երկաթակուռ մի հուշարձան, որը հավերժացնում է Հայրենական մեծ պատերազմում զոհված Փառկունիքի կամ Կարմրաշենի 18 զավակների հիշատակը։ 

Հուշարձանը տեղադրվել է Փառակունքի կամ Կարմրաշենի զավակ, Մեծ հայրենականում զոհված Խաչիկ Գասպարյանի որդի Ռուբենի կողմից։ 

Փաստորեն, լեռների մեջ ծվարած այս գյուղը հայրենիքի պաշտպանության համար մի քանի տասնյակ զինվոր էլ է տվել, որոնցից 18-ը տուն չեն վերադարձել ռազմադաշտերից։ Նրանք են՝ Խաչիկ եւ Գուրգեն Գասպարյանները, Գրիգոր, Դավիթ, Հայրիկ, Գվիդոն Աբրահամյանները, Նիկոլայ, Վանո Սահակյանները, Արտուշ, Արմենակ Գալստյանները, Բարեղամ Բարեյանը, Վանո Սաֆարյանը, Սոս եւ Միրզաջան Սարգսյանները, Գառնիկ Հակոբյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Մարտիրոս Կարապետյանը եւ Արմենակ Բարսեղյանը։ 

Պողոս-Պետրոս եկեղեցու հյուսիսային մասում տարածվող պատմական գերեզմանոցն ընդարձակված է 1890 թվականին Ծովինարից Փառականքում վերաբնակություն հաստատած ու գյուղին նոր շունչ տված մարդկանց շիրիմներով, որոնց սերունդներն այժմ ապրում են Հայաստանի Հանրապետության այլ մարզերում կամ աշխարհի տարբեր վայրերում։ Սակայն, ինչպես վկայում են Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանի տեղադրման ձեռնարկը եւ պահպանված-խնամված տեսք ունեցող շիրմաքարերը, նրանց հետնորդները չեն մոռացել իրենց պապերի շենը, իրենց արմատները, տառապանքով ու արարչագործությամբ կերտված պատմությունը, իրենց հոգիներում մայրական կաթի ու ծնողական սիրո պես սերմանված սրբավայրը։ 

Մեզ հաջողվեց նաեւ պարզել, որ Փառականք-Վերին Ծովինար-Կարմրաշեն բնակավայրից ընդամենը 1 ընտանիք է 1949 թվականին բնակության տեղափոխվել Մարտունու շրջանի Ծովինար գյուղ։ Եվ դա եղել է Հրանտ Տոնոյանի ընտանիքը, ում որդի Սոսը կամ Նիկոլայը մինչ այժմ ապրում է՝ բոլորելով իր կյանքի 89 ամյակը։ Սոսի հայրը զոհվել է Հայրենական մեծ պատերազմում, իսկ նա Ծովինար բնակության է եկել իր մոր՝ Ազիզի հետ։ հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին Հրանտ Տոնոյանի անուն-ազգանումը գրված է մեկ այլ՝ Սոս Սարգսյան տարբերակով։ Ի դեպ, Ազիզը մահացել է 1975 թվականին ու, իր պատգամով, ամփոփվել Վերին Ծովինարի գերեզմանատանը։ Ու պատահական չէ, որ Ծովինարում Սոսին երկար տարիներ փաղաքշորեն անվանում են «Վերին գյուղի նախագահ», այն հաշվով, որ նա շարունակում է մարմնավորել Վերին Ծովինար-Փառականքի հիշողությունը։ 

Սոս Տոնոյանի հետ ծրագրված մեր հանդիպումը կլինի առանձին զրույցի ու հիշողությունների թեմա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում