Ադրբեջան

Վարչապետը կարևորում է Գրիգորյան-Հաջիև հանդիպումը խաղաղության գործընթացի դինամիկայի վերականգնման տեսանկյունից

2 րոպեի ընթերցում

Վարչապետը կարևորում է Գրիգորյան-Հաջիև հանդիպումը խաղաղության գործընթացի դինամիկայի վերականգնման տեսանկյունից

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ուղիղ շփումների նպատակն է վերականգնել խաղաղության գործընթացի դինամիկան և վերահաստատել երկու երկրների հավատարմությունը խաղաղության օրակարգին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Դիլիջանում կայացած հանդիպմանը։

Վարչապետի խոսքով՝ ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի համար կարևոր էր չկորցնել խաղաղության գործընթացի դինամիկան։

«Մեզ համար ընտրություններից անմիջապես հետո շատ կարևոր էր, որ մենք խաղաղության գործընթացի դինամիկան չկորցնենք։ Շատ կարևոր էր մեզ համար, որ խաղաղության գործընթացը ընկնի իր դինամիկայի մեջ»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նույն ընկալումը եղել է նաև Ադրբեջանում, ինչի արդյունքում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

Փաշինյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակը խաղաղության գործընթացի դինամիկան վերականգնելն էր։

«Մեր փորձը ցույց է տվել, որ երկկողմ ուղիղ շփումները կարևոր են»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը կարևորեց այն հանգամանքը, որ այդ ձևաչափով հանդիպում առաջին անգամ է տեղի ունեցել Հայաստանում։ Նրա խոսքով՝ ենթադրաբար հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանում։

«Շատ կարևոր է, որ սրանով Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- ասաց վարչապետը։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում